Միտանի /Խուրրի — Միտանի/ Հայոց հնագույն պետություն


Ամփոփում

Մ.թ.ա   15-14-րդ  դդ. Հայկական լեռնաշխարհի  հարավում` Վանա լճի  և Զագրոսի   լեռների միջև  ապրող   խուրրիական /հայկական/ միտանի ցեղի առաջնորդները /թագավորներ/ և ազնվականությունը կարողացան իրենց շուրջը համախմբել և միավորել խուրրիական /հայկական/ շատ ցեղերի, մանր  ու միջին պետական  կազմավորումների և ստեղծել Միտանի /Խուրրի-Միտանի/  պետությունը:  Միտանին Հայկական լեռնաշխարհում  ստեղծված  առաջին  հայկական  հզոր  պետությունն էր: Միտանիի թագավորները  պայքարի մեջ են  մտել հին  աշխարհի  ուժեղ  պետությունների`  Եգիպտոսի ու Խաթթիի  հետ  և դժվարին պայքարում հաջողության հասել: Ստեղծելով  ուժեղ պետություն, որի  սահմանները  տարածվում էին Միջերկրական  ծովի  արևելյան ափամերձ  շրջաններից  ու Կիլիկիայից  մինչև  Աշշուր, Նինվե, Արրապխա /Քերքուկ/, Զագրոս, իսկ հյուսիս արևելքում` մինչև Կովկասի նախալեռներ:

    Հզոր Միտանին  Առաջավոր Ասիայում կենտրոնական դիրք է գրավել: Նրա հսկողության   տակ են   գտնվել այն բոլոր առևտրական  ճանապարհները, որոնք  կապել են Միջերկրականի  արևելյան  առափնյա  մասերը  Միջագետքի, Զագրոսի ու Պոնտոսի հետ: Նրա ձեռքին էին  Եփրատ  ու Տիգրիս  գետերի  ակունքների շրջանը, Սիրիայի  հյուսիսի հարուստ  ու ծաղկուն  քաղաքները, որոնք հիմնականում  խուրրիաբնակ  էին  և ծաղկուն ու հարուստ էին  դարձել   խուրրիների շնորհիվ:  Առաջավոր Ասիայում  մասնավորապես Հայկական  լեռնաշխարհում  19-20-րդ դդ.  կատարված հնագիտական պեղումները  վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 8-4-րդ հազարամյակներում  այդ տարածքներում տեղծվել են հզոր  մշակույթներ, որոնք  հայտնի են Կոնիայի  հարթավայրի, Նեոլիթյան,  Հալաֆ- հասունյան  /ավելի  ուշ Սամարրյան/, Շենգավիթյան կամ  Կուր-արաքսյան  և այլ անուններով: Այս մշակույթների հայրենիքը Հյուսիսային Միջագետքը, Հայկական  լեռնաշխարհը  և շրջակա տարածքներն են, իսկ այդ  մշակույթների  ու քաղաքակրթությունների  ստեղծման  ակունքներում կանգնած են  Հայկական լեռնաշխարհի  բնիկները` խուրրիները /հայ-արմեններ/:

Հայկական լեռնաշխարհի բնիկների` հայ-արմենների ստեղծած  պետություններն ու պետական  կազմավորումները  վաղ պատմություն ունեն  և  հազարամյակների  ընթացքում  շատ ցեղեր ու ժողովուրդներ են  հայտնվել  նրանց  հարևանությամբ, որոնք  մեր ժողովրդի  ու երկրի համար  օգտագործել են  տարբեր  անուններ:  Այսպես.  շումերները, խուրրիների բնակության վայրերը` Հայկական լեռնաշխարհի  հարավային մասերը և Հյուսիսային  Միջագետքը կոչում են  Սուբիր, աքադացիները` Սուբարու, Սուբարի, Սուբարթու /Շուբարթու/: Եգիպտացիները  խուրրիների համար  օգտագործել են h՝rw /խարու, խուրու ընթերցմամբ/ անունը: Նրանք  օգտագործել են  նաև  Whrjn  Նախրինա, Նախարինի, /Նախարինա/,  Maittani,  Mittani անունները: Աքադալեզու / բաբելերեն, ասորերեն/ գրավոր աղբյուրները  օգտագործել են   Hanigalbat, Haligalbat, Hanagalbat անունները: Խեթերը օգտագործել են  Hurri / Hurla/ անունը: Խուրրի  թագավորները իրենք  իրենց անվանում են hurri, իսկ երկիրը` Mitanni: Հնագույն արձանագրությունների  hu-u-ur  սեպախումբը մի շարք ուսումնասիրողներ /Հ. Վինքլեր, Էդ. Մեյեր, Է. Վայդներ, Ֆորեր, Վայսբախ/ կարդում են Har, այլ ուսումնասիրողներ`  /Բ. Հրոզնի, Ա. Ունգնադ/  Hur  ձևով: Har / har/ ընթերցման  ժամանակ  ուսումնասիրողները անունը կապում են  արիներ անվան  հետ, իսկ խուրրիերենը համարում` հին  արիական լեզու: Ավելի ուշ Խաթթիի մայրաքաղաք Խաթթուսասից հայտնաբերված  տեքստում   hurlili-ն  /խեթերեն  hurla  «խուրրի»/ ընթերցվում է  hurri  ձևով: Սրանով մերժվեց  harri  ձևը  և խուրրիների  արիներ լինելու տեսակետը:

Գիտական աշխարհում  ընդունվեց hurri ձևը: 20-րդ դարի կեսերին  գիտական աշխարհում  ի հայտ եկան նոր տեսակետներ ու կարծիքներ արիական  ցեղերի նախահայրենիքի  մասին: Առաջ քաշվեց այն  տեսակետը, որ հնդեվրոպացինների նախնիների` արիական ցեղերի  նախահայրենիքը  Հայկական լեռնաշխարհ ու շրջակա տարածքներն են:  Այդ են վկայում նաև  հնագիտական  պեղումների  արդյունքները /վաղ երկրագործություն,  խեցեգործություն, մետաղամշակություն, Արև-Աստծո ու նրա խորհրդանիշերի` խաչի, սվաստիկայի  պաշտամունք, ձիու, առյուծի,  արծվի պաշտամունք/, մարդաբանական /«արմենոիդ» մարդաբանական  տեսակի շարունակականություն /, լեզվաբանական   /հայոց լեզվում առկա են հնդեվրոպական  լեզվաընտանիքի լեզուներին հատուկ բոլոր հնչյունները/  հետազոտությունները և այլն: Նկատում ենք նաև, որ hurri / h-ur-ri/  և  harri  / h-ar-ri/  անունների մեջ  առկա է    ar -ur  բաղադրիչը, որը կարող է հանդես գալ  նաև   ir, er  ձևերով: Հետևաբար  և՝ hurri-ն, և՝ harri-ն իրենց  -ar,  -ur   արմատներով  կապվում են Ար /Արա/ Աստծո անվան և  Հայկական  լեռնաշխարհի հետ / Արմանի, Արատտա, Արարատ, Արմենիա, Արաքս, Արագած …, Ուրարտու,  Ուրմե, Ուրմիա…/:

Հայ-արմենները վաղագույն ժամանակներից զբաղվել են  երկրագործությամբ, անասնապահությամբ, խեցեգործությամբ ու մետաղների մշակմամբ:  Իսկ ընդունված է, որ մշակութային այս տարրերն են  դրված մարդու կողմից ստեղծված վաղ  քաղաքակրթության հիմքում: Հյուսիսային Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում  և  շրջակա  տարածքներում նրանք հիմնադրել են  բազմաթիվ բնակավայրեր` գյուղեր  ու քաղաքներ, այդ  թվում   մայրաքաղաք  Վաշշուգանեն, Երուսաղեմը, Աշշուրը, Նինվեն, Բաբելոնը, Ալալախը /այժմ Ատչանա/, Արրապխան /այժմ Քերքուկ/, որոնք  հարստացել են   արհեստների ու  առևտրի  շնորհիվ:  Ստեղծված  հարստությունը և  մշակույթը  գրավել են  հայ-արմենների հարևանությամբ   ապրող  ցեղերի   ուշադրությունը  և  մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներից /հավանաբար նաև  ավելի վաղ/ սկսվել են  սեմական   ցեղերի /աքադացիներ, բաբելացիներ, ասորեստանցիներ, արամեացիներ/, խեթերի ու  եգիպտական  փարավոնների  թալանչիական  արշավանքները  դեպի  Հյուսիսային Միջագետք, Հայկական լեռնաշխարհ ու շրջակա  տարածքներ:

Մ.թ.ա. 2-րդ  հազարամյակի սկզբներին խուրրիների հարևանությամբ սկսել են  գործել զավթողական  տրամադրություններ   ունեցող երկու հարևաններ` խեթերը և եգիպտացիները: Այդ երկու վտանգավոր հարևանների թշնամական  գործողություններին  դիմագրավելու  համար  խուրրիներին անհրաժեշտ էր  միավորվել  և  ստեղծել  ուժեղ  պետություն: Այդ  խնդիրը  հաջողությամբ են  իրագործել  խուրրիական  /հայկական/ միտանի   ցեղի թագավորները: Մինչև խուրրիական  ցեղերի միավորումը և Միտանի  պետության     կազմավորումը  խեթական  տեքստերը  բազմիցս  վկայում են  խուրրի  ռազմիկների  թագավորների ռազմական  միության մասին:  Խեթերի դեմ  մղված պայքարի ժամանակ  միտանի ցեղի  թագավորին  /անունը  հայտնի չէ/  հաջողվել է   գլխավորել   արդեն  կազմավորված   «խուրրի ռազմիկների թագավորներին» իսկ  այնուհետև`   «խուրրի  ցեղերի  թագավորների երկրները»:

Նկատում ենք, որ  արտաքին վտանգի ժամանակ  միավորված  ցեղերի  ռազմական  միությանը   հաջորդել է  նրանց  քաղաքական   ու   տնտեսական   միավորումը:

Գրավոր աղբյուրներում  վկայված  Միտանիի  առաջին  թագավորը  Շուտառնա 1-ինն է /մ.թ.ա. 16-րդ դարի  վերջ/, Կիրտայի  որդին:  Նրան  հաջորդած  Պարատտարնայի  /մ.թ.ա. 15-րդ  դարի կես/ ժամանակ Միտանին  մեծ  հաջողություններ է   ունեցել: Սաուսադատտարի ժամանակ երկիրը դարձել է Առաջավոր  Ասիայի  հզոր  պետություններից մեկը:

Միտանին հզորանում էր  բարդ  արտաքին  ռազմաքաղաքական  պայմաններում:  Շարունակվում էին  եգիպտական փարավոնների  թալանչիական արշավանքները  դեպի  Սիրիա-Պաղեստին: Թութմոս 1-ինը / մ.թ.ա.  16-րդ  դարի  2-րդ  կես/,  Թութմոս  3-րդը /մ.թ.ա.  15-րդ  դարի  2-րդ կես/,  Ամենհոտեպ 2-րդ  /մ.թ.ա. 15-րդ դարի վերջ/ և  Թութմոս 4-րդը բազմաթիվ  արշավանքներ են  կազմակերպել  դեպի Սիրիա-Պաղեստին, հաճախ  հասնելով  Եփրատի ափեր:  Կրկնվող  արշավանքները վկայում են, որ խուրրիները արժանի  դիմադրություն են  ցույց  տվել  եգիպտացիներին, որն էլ ի վերջո ստիպել է կողմերին հաշտության  պայմանագիր   կնքել: Թութմոս 4-րդի ժամանակ  կնքված  պայմանագրով  Կարքեմիշը, Հալեպը և Ալալախը մնացել են  Միտանիի ազդեցության  ոլորտում, իսկ  Պաղեստինն ու  Սիրիայի  հարավային   մասերը  անցել են  Եգիպտոսին:     Եգիպտացիների  և  խուրիների  միջև  հաստատվել են  նաև  խնամիական կապեր: Միտանիի  արքայադուստրեր  Գիլու Հեպան  /Շուտառնա 2-րդի  դուստրը/, Տադու Հեպան /նաև  Նեֆերտիտի ,  Տուշրատայի դուստրը/, նաև  Տիան /Նախրինայի` Նաիրիի իշխանի դուստրը/ եղել են հայտնի թագուհիներ  եգիպտական  արքունիքում:

Եգիպտոսի  հետ  հաշտության  պայմանագիր կնքելով  Միտանին էլ ավելի  հզորանալու և  բարգավաճելու  հնարավորություն  է ստացել: Սակայն  այդ  վիճակի հետ  չէր   ցանկանում  հաշտվել  Խաթթին, որը  հավակնություններ   ուներ  ընդարձակվելու դեպի Սիրիա  ու Միջերկրական  ծովի ափեր:  Խեթերի` այդ  ուղղությամբ հաջողության  հասնելու  բոլոր   փորձերը  անհաջողությամբ  էին ավարտվում, բախվելով  խուրրիների  ռազմական  ուժին:

    Մ.թ.ա. 1345թ. Խաթթիում  գահ է բարձրացել  դիվանագիտական  հմտություններով օժտված Սուպիլուլիումաս 1-ինը /մ.թ.ա. 1345-1322/, որի  ժամանակ  կատարված  դեպքերը  ճակատագրական են  դարձել  Միտանիի  համար: Միտանիի  թագավոր  Շատուռնա 2-րդից  հետո երկրում սկսվել է գահակալական   պայքար  նրա  որդու`  Արտաշումարայի և  եղբոր` Արտադամայի միջև: Պայքարի ժամանակ Արտաշումարան  սպանվել է   պալատական  Ուտխիի  կողմից: Սակայն Արտաշումարայի  կողմնակիցներին  հաջողվել է  գահ  բարձրացնել  նրա փոքր   եղբորը`  Տուշրատային:  Սակայն  դավադրություններն  ու  բանսարկությունները  շարունակվել են   Միտանիի շուրջը:  Ի վերջո  Միտանին   բաժանվել է  2  մասի`  Խուրրի /Արածանիի ավազան/ և Միտանի  /Տիգրիսի  ավազան, Աղձնիք, Ծոփք/: Միտանիի  բաժանումը  արտաքին /նաև ներքին/  թշնամական  ուժերի   հաղթանակն էր:  Այս  գործում   մեծ է եղել   Սուպիլուլիումաս   1-ինի դերը:  Խուրրիների  հետագա  փորձերը` վերականգնել երկրի  հզորությունը, հաջողությամբ  չեն   ավարտվել: Հզորացող  /նաև  սեմականացող/ Ասորեստանը և Բաբելոնը  իրենց  հերթին  անընդհատ  հարձակումներով էլ  ավելի են  թուլացրել  Միտանին, ընդարձակելով  իրենց  սահմանները ի հաշիվ  թուլացող  Միտանիի: Ընդդեմ  Միտանիի  միավորվել էին  Խաթթին, Բաբելոնը, Ասորեստանը  և այլ  փոքր  թագավորություններ:  Արդյունքում  Միտանին  պարտություն է  կրել  ու  բաժան-բաժան արվել  նրանց  միջև:  Սակայն  Ասորեստանի  թագավորներ  Սալմանասար 1-ինը /մ.թ.ա. 1274-1245/, Թուկուլթի-Նինուրթա 1-ինը, Թիգլաթպալասար  1-ինը  /մ.թ.ա. 1115-1077/ և  ուրիշներ  իրենց  արձանագրություններում վկայում են, որ խուրրիները  հաճախ  էին ապստամբում և  իրենց  հարկ էր  լինում  նորից  ու  նորից  արշավանքներ  կազմակերպել  այդ  ապստամբությունները   ճնշելու   համար:

    Մ.թ.ա. 13-րդ  դարի  կեսերին  ավարտվել է  Հայկական լեռնաշխարհում   ստեղծված  հայոց  հնագույն   պետության` Միտանիի /Խուրրի-Միտանի/  պատմությունը: Մ.թ.ա. 3-րդ  հազարամյակի  սկզբներից  սկսված սեմական  ցեղերի  ներհոսքը  դեպի  խուրրիաբնակ   Հյուսիսային  Միջագետք,  Հարավային Միջագետք, Հայկական լեռնաշխարհի հարավային  մասեր, Միջերկրական   ծովի  արևելյան  ափամերձ    շրջաններ`  Պաղեստին, Սիրիա, Հորդանան, Փյունիկիա / Լիբանան/  և  այլ    տարածքներ էլ  ավելի է ուժեղացել  Միտանիի թուլացումից  և  անկումից հետո:

      Սկսվել էր  սեմականացող   Միջագետք –Հայկական  լեռնաշխարհ   /հայ-արիական  տարածք/ հակամարտությունը: Այդ  հակամարտության  արձագանքն են Մ. Խորենացու «Հայոց  պատմություն» աշխատության միջոցով   պահպանված  «Հայկի ու  Բելի մասին», «Արա գեղեցիկի   և  Շամիրամի մասին»,  «Արամ թագավորի մասին» և այլ  ավանդազրույցներ:

Միտանիի  անկումը  պետության  պատմության ավարտ էր նշանակում, բայց  ժողովուրդը  շարունակում էր ապրել:  Հայկական լեռնաշխարհի  հյուսիսում   շարունակում էր  գոյություն  ունենալ  Հայասա պետությունը, հարավում` Ալզին /Աղձնիք/: Ստեղծվում են  նաև  նոր  պետական  կազմավորումներ` Շուպրիան  /Արմե-Շուպրիա, Սասուն/, Իսուվան /Ծոփք/, Բաբխին /Հայկական Տավրոսի  լեռնային  շրջաններ/  և այլն:

Միտանիից   հետո  պատմության  թատերաբեմից  անհետանում են    նաև  Խաթթին  /մ.թ.ա. 12-րդ  դարի  սկիզբ/ ու  Եգիպտոսը /մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջ/: Եվ  եթե  այդ  պետությունները անհետացան   թողնելով   միայն  անուն ու  մշակույթ, ապա  Միտանին  նոր  շարունակություն  ունեցավ  ի  դեմս  մ.թ.ա. 9-րդ  դարում  կազմավորված    հայկական նոր Արարատ-Ուրարտու պետության:

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: