Մտորումներ ապագայի մասին


20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին սեփական պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Յուրաքանչյուր ժողովուրդ նորից ուսումնասիրում, արժևորում է իր պատմությունն ու մշակույթը և փորձում պարզել՝ ովքե՞ր են իրենք, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն իրենք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ,  որտե՞ղ են իրենց ակունքները և այլն:

Հայ ժողովուրդը հազարամյակներ գոյատևել ու արարել է իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Պատմական այդ երկար ժամանակահատվածում հայ ժողովրդին հաջողվել է պահպանել ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը, ազգային դիմագիծը, էությունն ու ոգին: Հայ ժողովրդի՝  հայ /Հայա աստվածուհի/ —արմեն, /Արարիչ Ար Աստված/ և երկրի՝ Հարք /հայրերի, աստվածների երկիր/, Արարատ /արարելու տեղ, վայր/ անունները /նաև այլ փաստեր/ ևս մեկ անգամ վկայում են Բիբլիայի  վկայությունը, այն է՝ Հայաստանը արարչագործության, երկրային դրախտի, իմաստնության ու կենաց ծառի, ինչպես նաև մարդկության վերածննդի երկիրն է, որտեղ Նոյի սերունդը փրկվեց ջրհեղեղից, բազմացավ ու սփռվեց աշխարհում:

Մարդկությունը, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդները, ծանոթանալով հայ ժողովրդի պատմությանը /նաև մշակույթին/, որից սկիզբ են առնում նաև հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի պատմությունն ու մշակույթը, անկասկած նոր հայացքով կնայի Առաջավոր Ասիայի այն մասին, որը հայտնի է Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ անուններով: Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի հնագույն ժողովուրդների /որոնց մեծ մասն անհետացել է/ շարքում, իսկ հայ մարդը, որտեղ էլ որ լինի, Հայաստանում թե դրսում, իրեն շատ ավելի ուժեղ ու հպարտ կզգա որպես հայ ոգու, հայոց հնագույն պատմության ու մշակույթի կրող: Հայոց պատմությունը /նաև մշակույթը/ կարելի է օգտագործել նաև որպես յուրատեսակ «զենք», այցեքարտ ու բանալի, որը կարող է շատ դռներ բացել ու բարյացակամ վերաբերմունք  ապահովել  հայոց հանդեպ: Այդ այցեքարտը կամ յուրատեսակ «զենքը» կարող են օգնել հայ դիվանագետներին արտաքին քաղաքականության ոլորտում: Հնդեվրոպական ժողովուրդներ ն  իրենց հայացքը վերջապես կարող են դարձնել դեպի Հայաստան, երբ իրենք իրենց համար պարզեն, որ այստեղ են իրենց արմատները, իրենց հնագույն պատմության ու մշակույթի ակունքները, և որ Հայաստանը նաև իրենց հնագույն հայրենիքն է՝ նախնիների բնօրրանը, երկիրը, հողը: Իսկ որ նախնիների երկիրը, հողն ու արմատները շատ կարևոր են յուրաքանչյուր ժողովրդի ու անհատի համար, դատարկ խոսքեր չեն: Հիշենք ամերիկացիների ու անգլիացիների համարյա միշտ միասին հանդես գալու քաղաքականությունը, սլավոնական ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արաբական ու  թուրքական ժողովուրդների համերաշխությունը և այլն: Ավելորդ չէ հիշել Թուրքիայի նախկին վարչապետ Թուրգուտ Օզալի մի հայտարարությունը՝ արված 1990-ական թթ. սկզբներին Թուրքմենիայում: Օդանավից իջնելիս նա հայտարարեց. «Ես ուրախ եմ, որ ոտք եմ դնում իմ նախնիների հողին»: Եվ սա այն դեպքում, երբ թուրքերը փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք Փոքր Ասիայի հնագույն բնակիչներն են և որ այդ տարածքը իրենց հայրենիքն է: Հողի, երկրի /նաև նախնիների երկրի/ արմատների ուժը շատ մեծ է, այնքան մեծ, որ չի գործում ՈՒինսթոն Չերչիլի «Չկան հավերժական բարեկամներ և հավերժական թշնամիներ քաղաքականության մեջ» ասույթի ուժ ստացած արտահայտությունը: Այս մտորումը բարի ցանկության կամ առասպել չէ: Ապագան անպայման ցույց կտա հարցին այսպես մոտենալու ճշմարտացիությունը: Հնդեվրոպական (արիական) ժողովուրդներին պետք է տալ իրենց նախնիների երկրի ու հողի ուժը:

Չպետք է թույլ տալ, որ իրենց նախնիների հողն ու այնտեղ մնացած ցեղակիցների մասին հիշողությունները մոռացվեն: Դաժան իրողություն է, որ առանց հնդեվրոպացի գերմանացիների, անգլիացիների և այլոց թուրքերը չէին համարձակվի ցեղասպանություն իրականացնել Հայաստանում: Հիշենք, որ Գերմանիայի կայսր Վիլհելմ l l-ը խորհուրդ էր տալիս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին «չտատանվել ձեռնարկված գործողությունների մեջ, ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծո կամքն է»: Անգլիացիները ի պատասխան հայերի օգնության խնդրանքի հատարարում են, որ իրենց նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները: Իսկ ռուսները հայտարարում էին, որ Հայաստանը իրենց պետք է առանց հայերի: Ստեղծված պայմաններում ապավինելով բազում հազարամյակներ ամբարած իր գենետիկական հիշողությանը (նաև հոգևոր ու նյութական մշակութային արժեքներին)՝ մայրը՝ մայր ժողովուրդը՝ հայ ժողովուրդը  պետք է / ու կարող է/ փնտրի,  գտնի  ու իր շուրջ հավաքի հազարամյակներ շարունակ աշխարհում սփռված իր զավակներին: Սպասվելիք արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան հոգևոր ու նյութական մշակույթների և գաղափարների նոր արժևորման ժամանակաշրջան ապրող մեր ժողովրդի կյանքում:

Հրապարակվել է
«Հայ Արիներ» ամսագրում, թիվ 35/8, 2004թ.

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: