Ո՞րն է Հայ Ցեղի հարատևության գաղտնիքը


 Այս հարցը շատ հաճախ են տալիս հայ գրողները, բանաստեղծները, պատմաբանները և յուրաքանչյուր հայ մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է իր ժողովրդի պատմությանը: Իսկապես ինչի՞ շնորհիվ է, որ մարդկության պատմության արշալույսից մինչև մեր օրերը գոյություն ունի հայ ցեղը: Եթե հաշվի առնենք այն ծանր փորձությունները, որոնք վիճակվել են հային ու Հայաստանին, իրոք զարմանալ կարելի է, որ հայը գոյատևել է հազարամյակներ շարունակ և չի անհետացել կամ լիովին չի ձուլվել այլ ազգերի:

Հարցի պատասխանը ստանալու համար հայացք նետենք Առաջավոր Ասիայի հնագույն քարտեզներին ու պատմությանը: Աշխարհի հնագույն քարտեզը մ.թ.ա. III հազարամյակի կեսով թվագրվող շումեր-աքադական քարտեզն է՝ գծագրված աղյուսի վրա: Այնտեղ  պատկերված են լեռներ, Տիգրիս ու Եփրատ գետերը և դրանց ակունքների շրջանը, այն է՝ Հայկական լեռնաշխարհը, շրջակա տարածքները և Միջագետքը:

Հույն ճանապարհորդ ու աշխարհագիր Հեկատեոս Միլեթացու մ.թ.ա. 517թ. կազմած քարտեզին շատ ընդարձակ տարածքի վրա գրված է Հայաստան՝ Armenia: Այդ տարածքն ընդգրկում է համարյա ամբողջ արևելյան Փոքր Ասիան (ներառյալ Կիլիկիան), մինչև Կովկասի նախալեռներ: Փոքր Ասիայի միայն արևմտյան մասում նշված է Լիդիա: Նկատում ենք, որ Հայաստանը տարածվում է Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած տարածքներում:

Մ.թ.ա. 5-րդ դարում կազմված Բաբելական կոչված քարտեզում ընդամենը 6 երկրների շարքում, դարձյալ ընդարձակ տարածքով նշված է Հայաստանը: Հետագա հռոմեական, արաբական  և այլ քարտեզներում ընդարձակ տարածքով միշտ նշված է Հայաստանը:

Առաջավոր Ասիայի հնագույն գրավոր աղբյուրները շումերական և աքադական գրավոր տեքստերն են (մ.թ.ա. IV-III հազարամյակներ), որոնք խոսում են Սուբարտու, Արմանի, Արատտա և այլ հայկական պետական կազմավորումների մասին: Առաջավոր Ասիայի ավելի ուշ շրջանի՝ մ.թ.ա. III-II հազամյակների գրավոր աղբյուրները (խեթական, խուրրիական, բաբելական, ասուրական, արարատ-ուրարտական, նաև եգիպտական) խոսում են Նաիրի, Միտանի, Հայասա, Շուպրիա, Ալզի, Արարատ-Ուրարտու և այլ անուններով հայկական պետական կազմավորումների մասին, որոնք ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում՝ տարբեր ժամանակաշրջանում ունենալով տարբեր սահմաններ:

Մ.թ.ա. IV-III հազարամյակների գրավոր աղբյուրները (աքադական, խեթական, եգիպտական, խուրիական) վկայում են, որ Միջերկրական ծովից՝  Կիլիկիայից մինչև Կովկասյան նախալեռներ ու Կասպից ծով, և Սև ծովից՝  Միջագետք ընկած ընդարձակ տարածքը մինչև մ.թ.ա. IV-III հազարամյակները, մինչև Արաբական թերակղզուց և Աֆրիկայի հյուսիսային մասերից սեմական ցեղերի (աքադացիներ, բաբելացիներ, արամեացիներ, ասորեստանցիներ, ավելի ուշ հրեաներ, արաբներ) հայտնվելը Միջագետքում, ապա նաև Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններում, բնակեցված էր հայկական (արիական) ցեղերով: Սեմական ցեղերի հայտնվելուց հետո սկսվել են հայկական (արիական) ու սեմական ցեղերի ռազմական բախումները, որոնք տևել են հազարամյակներ:

Արտաքին թշնամու դեմ միասնաբար հանդես գալու համար հայ-արմենները հաճախ միավորվել են մեկ պետության մեջ: Գրավոր աղբյուրների վկայություններով, երկրի միավորման հաջող փորձ են կատարել խուրիական (հայկական) միտանի ցեղի թագավորները մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին: Նրանց հաջողվել է ստեղծել Միտանի ուժեղ պետությունը հզորացած Եգիպտոսի և Խաթթիի դեմ պայքարելու համար: Հայկական հաջորդ ուժեղ պետությունը ԱրարատՈւրարտուն էր, որը նույնպես ստեղծվել էր արտաքին թշնամու՝ այս անգամ հզորացող Ասորեստանի դեմ պայքարելու համար: Մ.թ.ա. I-ին դարում նորից ստեղծվել է հայկական հզոր պետություն Տիգրան II Մեծի (մ.թ.ա.95-55) գլխավորությամբ Հռոմի և Պարթևստանի դեմ պայքարելու համար: Այդ ժամանակաշրջանի Հայաստանը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, և Սև ծովից մինչև Միջագետք: Այս սահմանները Հայաստանի ու հայ-արմեններով բնակեցված այն տարածքների սահմաններն են, որոնք մեզ են ներկայանում հնագույն գրավոր աղբյուրների վկայություններով և հնագույն քարտեզներից, որոնց մասին նշվել է վերևում: Այս դեպքում ավելորդ չէ հիշել Մ. Խորենացու մի ուշագրավ վկայությունը: «Հայոց պատմություն» աշխատությունում Մ. Խորենացին, խոսելով Տիգրան Երվանդյանի սխրագործությունների մասին (մ.թ.ա. I-հազարամյակի կես), գրում է, որ (նա) «մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը» (Մովսես Խորենացի, 1981, էջ 85: Նշենք, որ ուսումնասիրողների մեծ մասը այս դեպքերը վերագրում են Տիգրան II Մեծին): Ինչպես տեսնում ենք, Մ. Խորենացու վկայությունը պատմական հիմք է ունեցել և պատահական արտահայտություն չի եղել:

Մ.թ.ա. IV-III հազարամյակներում սկսված հայկական (արիական) ցեղեր – սեմական ցեղեր ռազմական բախումները, չնայած հայ ռազմիկների ու հայ զորավարների քաջությանը, արիությանն ու հմտությանը ռազմի դաշտում, դարերի ընթացքում ավարտվել են հայկական տարածքների ու հայ-արմեններով բնակեցված տարածքների կորուստներով: Սեմականանում են Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջանները (Պաղեստին, Հորդանան, Լիբանան, Հյուսիսային Սիրիա), Հարավային Միջագետքը, Հյուսիսային Միջագետքը (Սիրիա, Իրաք): Միտանիի անկումից հետո, մ.թ.ա. II-հազարամյակի վերջերին անընդհատ շարունակվող սեմական ցեղերի ներհոսքի ու ճնշման հետևանքով Հյուսիսային Միջագետքի (նաև Հայկական Միջագետքի) բնակչությունը հարթավայրերից մղվում է դեպի լեռներ՝ Աղձնիք ու Սասունի լեռներ (Արմե-Շուպրիա): Կորսվում են նաև Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասերը (Իրանի հյուսիս-արևմտյան մաս, Իրաքի հյուսիսային մաս):

Հայ-արմեններով բնակեցված տարածքները կրճատվում են նաև հետագա դարերում: Հայտնվում են խառը բնակչությամբ տարածքներ (հայ-արմեններ-սեմական ցեղեր, ավելի ուշ՝ հայ-արմեններ-թուրքական ցեղեր, քրդեր):

Առաջավոր Ասիայում կազմավորված յուրաքանչյուր նոր պետություն կամ կայսրություն (հռոմեական, պարսկական, բյուզանդական, արաբական, օսմանյան) ընդարձակվում ու հզորանում էր ի հաշիվ հայկական տարածքների: Կրճատվում է նաև հայ բնակչության թիվը, որը Հայաստանից անջատված տարածքներում և հայերով բնակեցված տարածքներում (Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններ, Հյուսիսային Սիրիա, Հյուսիսային Միջագետք, Հայկական Միջագետք) երկար դիմակայությունից հետո ի վերջո կորցնում է ազգային նկարագիրը և ձուլվում: Բնակչության մի մասն էլ հեռանում էր երկրից հայկական հերթական պետության անկումից հետո՝ չդիմանալով օտար տիրակալների խարդավանքներին ու բռնություններին: Հայկական լեռնաշխարհից սկսված գաղթը մեծ չափերի է հասել մ.թ.ա. II հազարամյակի վերջերից, Միտանիի անկումից հետո: Հայկական (արիական) ցեղերը հայտնվում են Եվրոպայից Հնդկաստան ընկած ընդարձակ տարածքներում: Եվ այսօր հիմնականում այդ տարածքներում են ապրում հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդները (ավելի ուշ նրանք հայտնվում են նաև Ամերիկայում և Ավստրալիայում): Տիգրան Մեծից հետո ընդարձակ հայկական պետությունը այլևս չվերականգնվեց: Իսկ Հայաստանը անընդհատ տարածքային կորուստներ էր ունենում: Վաղ միջնադարից սկսած (IV-V դդ) հայոց արքայական տները (Արշակունիներ, Բագրատունիներ, Զաքարյաններ) սկսեցին բավարարվել միայն Մեծ Հայքի (մոտ 300.000 քառ. կմ) սահմաններում ստեղծված պետության գոյության փաստի հետ: Պատահական չէ, որ V դարում պատմահայր Մ. Խորենացին ցավով ու տխրությամբ Հայաստանը փոքր երկիր, իսկ հայ ժողովրդին «փոքր ածու» է համարում: Այսօր զարմանում ենք Մովսես Խորենացու այս բնութագրման վրա, քանի որ այսօրվա Հայաստանի համեմատ V դարի Հայաստանը ընդարձակ երկիր էր: Անընդհատ փոքրացող երկրի ու հայրենիքի մասին ցավով նշում է նաև V դարի մեկ այլ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը: Խոսելով Հայաստանի առաջին բաժանման մասին (387թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև)՝ Փ. Բուզանդը գրում է. «…և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ» (Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր. 1968, էջ 299):

Դարերի ընթացքում կրճատվել են հայ-արմեններով բնակեցված երբեմնի ընդարձակ տարածքները  հայ-հռոմեական (մ.թ.ա. I – մ.թ. I դդ), հայ-պարսկական (III-VIդդ), հայ-բյուզանդական (VI-XIդդ), պարսկա-բյուզանդական (VIդ), հայ-արաբական (VII-IXդդ), թուրք-պարսկական (XVI-XVII դդ), ռուս-պարսկական (XIX դ-ի սկիզբ), ռուս-թուրքական (XIX-XXդդ), պատերազմների և թուրքական ու մոնղոլական ներխուժումների, ինչպես նաև սելջուկյան տիրապետության ժամանակ (XI-XIIդդ-ից) քրդերի Հայաստանի հարավային մասեր թափանցելու հետևանքով:

Բագրատունիների թագավորության անկումից հետո (1045թ.) Հայաստանը դառնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Երկիրն ամայանում է, ժողովուրդը տեղահանվում կամ  փախուստի էր դիմում ֆիզիկական գոյությունը պահպանելու համար:  ժողովուրդը տեղահանվելով դեռ կարողանում էր տեղավորվել իր հայրենիքի մեկ այլ մասում, իր հայրենակիցներով բնակեցված այլ տարածքներում:

Հայաստանի համար հատկապես ավերիչ են եղել ընդհատումներով շարունակվող թուրք-պարսկական պատերազմները (1514-1639), որոնք ընթացել են Հայաստանի տարածքում: Այդ պատերազմների հետևանքով ամայացել է երկիրը: Տասնյակ հազարավոր հայեր սպանվել, գաղթել կամ տեղահանվել են: Տեղահանությունների ժամանակ բնակիչները հիմնականում բնակեցվում էին հայկական այլ տարածքներում: Այսպես, մշեցիները հայտնվում էին Ջավախքում, Սևանի ավազանում, էրզրումցիները՝ Շիրակում, պարսկահայերը՝ Արցախում, արցախցիները Լոռու և Իջևանի շրջաններում և այլն:

Ինչպես տեսնում ենք, երկրի մի անկյունից դուրս մղված հայը ապաստանում էր իր երկրի մեկ այլ անկյունում և հայը, որպես հայ էթնոսի ներկայացուցիչ, պահպանում էր ազգային նկարագիրը: Հայը որպես հայ պահպանվում էր, և այս դեպքում շատ մեծ էր ընդարձակ երկիր ու տարածք ունենալու դերն ու նշանակությունը: Հայաստանից դուրս հայտնված հայը, չնայած իր գործադրած վիթխարի ջանքերին (դպրոց, եկեղեցի, մամուլ),  ի վերջո կտրվում էր ազգային արմատներից և ձուլվում: Վկան՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, անգամ Հայաստանին շատ մոտ Վրաստանում և այլ երկրներում միջնադարում ապաստանած հայ բնակչության օրինակն է, երբ այսօր շատ երկրներում պահպանվել են հայկական մշակույթի հետքեր (եկեղեցիներ, շինություններ, ձեռագրեր), իսկ հայ բնակչություն այլևս չկա: Նրանք ձուլվել են տեղացիներին: Եվ միայն հատուկենտ հայերի ժառանգներ են պահպանում ինչ-որ հեռավոր հիշողության հեռավոր հայրենիքի մասին:

Հայաստանը դարերի ընթացքում ունեցել է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարատև կորուստ: 1045թ. վերացել է Բագրատունյաց թագավորությունը (885-1045): 1375թ. վերացել է Կիլիկյան Հայաստանի թագավորությունը (1080-1375): Եվ հրաշք էր, որ 20-րդ դարի սկզբներին՝ 1918թ. (մայիսի 28) նորից վերականգնվեց հայոց պետականությունը, ու ստեղծվեցին նախ Հայաստանի առաջին Հանրապետությունը (մոտ 58.000 կմ2 տարածքով), ապա Խորհրդային Հայաստանը (29.800 կմ2 տարածքով): Այսօր՝ 21-րդ դարի սկզբին ունենք Հայաստանի Հանրապետություն  (29.800 կմ2 տարածքով), Արցախի հանրապետություն  (12. 000 կմ2 տարածքով) և հայաբնակ Ջավախք Վրաստանի կազմում:

Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը սեղմվել է իր հայրենիքում: Հազարամյակների ու դարերի ընթացքում հայերի հարևանությամբ հայտնված եկվորներին հաջողվել է դիվանագիտական ճանապարհով, խաբեությամբ, խարդավանքով, ռազմական ուժով և այլ ձևերով տեր դառնալ հայկական տարածքներին ու երբևէ ընդարձակ Հայաստան երկրին:

Նորից անդրադառնանք վերևում հնչած հարցին, ինչպե՞ս է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը դիմացել են դարերի փորձությանը և չեն անհետացել պատմության թատերաբեմից, ինչպես իր հնագույն հարևաններ Շումերը, Աքադը, Էլամը, Բաբելոնը, Խաթթին, Եգիպտոսը, Ասորեստանը և այլ պետություններ: Միանշանակ կարելի է պատասխանել. դիմացել է իր ընդարձակ տարածքների շնորհիվ: Անհետացած պետությունները Հայաստանի համեմատ տարածքով փոքր էին և հաճախ մեկ ճակատամարտում պարտվելը բավական էր լինում երկրի կործանման ու պատմության թատերաբեմից անհետանալու համար: Այսպես, երբ մ.թ.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն գրավվեց մարերի, հայերի, բաբելացիների ու սկյութների կողմից, Ասորեստանը դադարեց գոյություն ունենալ: Երբ մ.թ.ա. 592թ. Բաբելոնը գրավվեց մարերի, հայերի և սկյութների կողմից, Բաբելոն պետությունը ևս դադարեց գոյություն ունենալ և այլն:

Այլ է եղել Հայաստանի դեպքում: Հայաստանը ընդարձակ երկիր էր, և երբ թշնամին գրավել է երկրի մի մասը, ապա ժողովուրդը նահանջել, սեղմվել է իր տարածքում: Սա կրկնվել է բազմիցս, և հայ ժողովուրդը անընդհատ կորցրել է իր երկրի, իր հայրենիքի ինչ-որ մասը: Ժամանակի ընթացքում կորուստը մեծացել է, նկատելի դարձել և այժմ՝ 21-րդ դարի սկզբին ունենք այսօրվա վիճակը, ունենք փոքր Հայաստան երկիր, Արցախ, հայաբնակ Ջավախք ու հայաթափված բազմաթիվ տարածքներ: Պետք է նշել, որ այլ օբյեկտիվ պատճառներից բացի նաև այս վիճակն էր (փոքր Հայաստան) պատճառը, որ Ադրբեջանին բռնակցված Գարդման աշխարհի բնակչությունը 20-րդ դարի վերջերին տեղահանվելով իր բնօրրանից  չկարողացավ ապաստանել այսօրվա Հայաստանում և ցրվեց՝ տեղավորվելով հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում՝ էլ ավելի մեծացնելով Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գոյություն ունեցող հայ բնակչության թիվը (նշենք, որ այդ գործում  մեղքի  շատ մեծ բաժինն ունեն  այն ժամանակվա Հայաստանի իշխանավորները):

Այսպիսով, մեր պատմությունը և անցյալի դասերը հուշում են, որ հայ ժողովրդի հետագա ընթացքը դեպի ապագա, նրա անվտանգությունը և ապահովությունը պահանջում են այլևս չզիջել անգամ մեկ թիզ հող: Նահանջելու տեղ այլևս չունենք և իրավունք չունենք որևէ տարածք կորցնելու, զիջելու ուրիշներին: Սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ ու հասկացնի, բացատրի նաև ուրիշներին: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու կամ ստիպելու, որ հանձնենք բռնագրավված մեր հայրենիքի ազատագրված տարածքները:

Չմերժելով հայ մարդու ոգու ամրությունը, նրա համամարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված լինելը, հայ ռազմիկի արիությունն ու քաջությունը, նաև հոգևոր, մշակութային, տնտեսական և այլ կարգի հարցերի կարևորությունը ազգի գոյատևման ու առաջընթացի համար, այնուամենայնիվ պետք է նշել, որ ազգը գոյատևում է իր երկրում, իր տարածքների վրա: Հետևաբար հազարամյակների փորձությանը հայ ազգը առաջին հերթին դիմացել է իր ընդարձակ երկրի ու տարածքների շնորհիվ:

Հոդվածը տպագրվել է  «Հայաստանը և Պատմությունը» գրքում:

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: