Երևանը 6000 հազար տարեկան է


Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի  լավ ուսումնասիրված հուշարձան  է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան  բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին,  որի ուսումնասիրությամբ հնագետները  զբաղվել են  1936 թվականից1: Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ  սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները:  Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա: Աշխատանքները  շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում:  1958 թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնք

ընդհատումներով տևում են մինչև 1983 թ.:  Նոր պեղումները վերսկսվում են 2000 թ.,  հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ ավելի ամբողջական են դառնում պատկերացումները հնագույն Շենգավիթի մասին:   Մշակութային շերտերը կամ շինարարական հորիզոնները    առաջացել են ավելի քան 2 հազար տարվա ընթացքում և ունեն մոտ 4 մետր հզորություն: Հուշարձանը թվագրվում է 4-2-րդ հազարամյակի սկիզբ ժամանակաշրջանով: Հուշարձանը թվագրվում է նաև մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակի կես ժամանակաշրջանով2:

Վաղ բրոնզի դարի մշակույթին /կուր-արաքսյան կամ շենգավիթյան/ բնորոշ էր նստակյաց տնտեսաձևը` զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորապես` բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ ու  մետաղամշակությամբ:  Անդրադառնանաք Շենգավիթ բնակատեղիի մշակութային շերտերին:

Շենգավիթ-1 /ստորին, վաղ բրոնզ/ շերտից  հայտնաբերված խեցեղենը` թասերի, գավաթների, գավերի և այլ ամանների բեկորները պատրաստված են կավից` հարդի խառնուրդով,  մակերեսի սպիտակ-դեղնավուն անգոբով3,  որը զարդանախշված է  եղևնաձև նախշերով:  Խեցեղենը հաճախ ելուստավոր շուրթով է:  Շենգավիթի վաղ շերտում  հայտնաբերվել են  կնոջ պաշտամունքը  խորհրդանշող կավից  ու քարից պատրաստված կանացի արձանիկներ:

Շենգավիթ-2 շերտից հայտնաբերված խեցեղենը ավելի կատարելագործված ու գեղեցիկ է: Այն ներսից գորշ կամ կարմիր է, արտաքին մակերեսը`  սև, դեղնա-շագանակագույն, փայլեցված /հաճախ մետաղափայլի աստիճան/,  զարդանախշված փորագիր երկրաչափական նախշերով:  Խեցեղենը հիմնականում կիսակլոր /կիսագնդաձև/ կանթերով է, զարդանախշված   ուռուցիկ ու ներճկված նախշերով` պարույրներով,  զիգզագներով, շրջաններով, ինչպես նաև թռչունների, այծերի, ձիերի, եղջերուների ու այլ պատկերներով: Ի դեպ մասնագետները 1930-ական թվականների վերջերին  հետաքրքիր փորձ են կատարել  շենգավիթյան խեցու գույները բացահայտելու նպատակով: Լաբորատոր պայմաններում սև, փայլեցված խեցին տաքացրել են  մինչև 500˚С  և  նա դարձել է դեղնա-շագանակագույն: Իսկ երբ այն ներծծվել է ձեթով ու տաքացվել /թրծվել/  ավելի  մեղմ կրակով,  նորից իր նախկին՝ սև, փայլուն  գույնն է ստացել4:  Այս փորձը վկայում է, որ  խեցանոթների գույնը կապված էր թրծելու ժամանակից ու ջերմաստիճանից: Թրծելուց հետո այն ձեռքով նկարազարդվել է,  ընդ որում՝  հիմնականում մի կողմից:

Շենգավիթի մշակութային հաջորդ երկու շերտերում դարձյալ հանդիպում է նմանատիպ խեցի: Հայտնաբերվել են նաև կենդանակերպ /ցուլ/ գլուխներով օջախի պայտաձև պատվանդաններ,  քարե գործիքներ և այլն:  Կարևոր էր հատկապես մետաղե /պղինձ, բրոնզ/  իրերի ու զարդերի  հայտնաբերումը: Այս շերտի պեղումների ժամանակ բացահայտվել է, որ Շենգավիթի հնագույն  բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագիծ ունեցող  կլոր կացարաններում և դրանց կից ուղղանկյուն շենքերում5: Բացահայտվել է նաև, որ տները   կառուցվել են նախորդ մշակութային շերտի տների մնացորդների հիմքերի վրա6: Տների պատերը ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը: Կլոր տների կենտրոնական մասում դրվել են  կլոր, զարդանախշված, երեք ելուստներով պաշտամունքային կավե օջախներ:  Oջախին մոտ  դրվել է մեծ, հարթ մակերեսով քարե պատվանդան /խարիսխ/,  որը  պահել է ծածկը պահող կենտրոնական սյունը:  Ծածկը եղել է կոնաձև և  պատրաստվել է ձողերից ու եղեգից, նման հայկական հազարաշեն կոչվող ծածկին:  Քառանկյուն շինություններն  ունեցել են հարթ  ծածկ, որը սվաղել   են կավե  շաղախով:   Կացարանների  հատակը սալահատակվել է գետաքարերվ կամ մանր խիճով, որն այնուհետև սվաղել են կավե հարդախառն  շաղախով: 2003 թ. պեղումների ժամանակ  բացահայտվել է,  որ  առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով  ողորկ կավե հատակ:

Շենգավիթ բնակատեղին

Շենգավիթն ունեցել է պարիսպ /աշտարակներով/, որի  շարվածքը կիկլոպյան է, կառուցված բազալտե անմշակ ու հսկա քարերից, առանց շաղախի:  Պարսպի տակ, հյուսիսային կողմում  հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի:  Շենգավիթի 3-րդ և 4-րդ մշակութային շերտերի ժամանակ բնակիչներն  առաջվա նման ապրում են քարե հիմքով հում աղյուսե շարվածքով  կացարաններում և դրանց կից քառանկյուն տներում: Գործիքների մեծ մասը դեռևս քարից է, որոնք կայծքարից  և վանակատից /օբսիդիան/ պատրաստված երկարավուն բարակ շեղբերից դանակներ, քերիչներ, նետերի ծայրեր ու մանգաղի ներդիրներ են, հղկված քարե մուրճեր,  կացիններ, հավանգներ, սանդեր, աղորիքներ ու բրիչներ:  Ոսկրե իրերից հայտնաբերվել են իլիկի գլուխներ,  նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն: Հայտնաբերվել են նաև  ուլունքներ,  գնդաձև քարե գուրզեր և այլն: Քարե ու ոսկրե գործիքների հետ հանդիպում են  պղնձե իրեր, որոնց թիվը վերին շերտում մեծանում է:  Իրենց գեղեցկությամբ  դարձյալ աչքի են ընկնում  խեցանոթները: Դրանց վրա  փորագրված են նուրբ գծային երկրաչափական պատկերներ: Հատկապես հարուստ է Շենգավիթի վերին`  4-րդ շերտի մշակույթը, որի ժամանակ բացառիկ վարպետության է հասնում խեցեգործությունը: Այդ են վկայում հայտնաբերված մանր ու խոշոր ամանները, սափորները, կարասները, կճուճները, գավաթները,  քրեղանները,  թասերը,  սկահակները, ծորակով ամանները  և այլն: Շենգավթից, նաև  Հայկական լեռնաշխարհի հողագործական այլ բնակավայրերից /Սև-բլուր, Շրեշ-բլուր, Մոխրաբլուր,  Էլար, Արագած/  հայտնաբերված այս  մշակույթը ստացել է երկրաչափական նախշերով, սև փայլեցված խեղեղենի մշակույթ անվանումը, որը Շենգավիթ բնակավայրի անունով  կոչվում  է  շենգավիթյան մշակույթ  /անվանումը տրվել է  Ե. Բայբուրդյանի կողմից /:

Կացարան կավե կլոր օջախով

Շենգավիթում, պարսպից դուրս հայտնաբերվել է դամբարանադաշտ:   Պեղված յուրաքանչյուր դամբարանում թաղված են տասնյակ մարդիկ: Ենթադրվում է, որ դրանք ընտանիքների տոհմական դամբարաններ են: Դամբարաններում հանգուցյալների հետ  դրվել են սև փայլեցված կավե ամաններ, կճուճներ, գավաթներ, սարդիոնից ու  հասպիսից /յաշմա/ ուլունքներ, կայծքարից և օբսիդիանից նետասլաքներ, քարե գուրզեր, պղնձե  ապարանջաններ, գնդասեղներ, քունքազարդ, ականջօղ և այլն:

Պարսպից դուրս առաջացած դամբարանադաշտի գոյությունը բացատրվում է հետևյալ կերպ: Առաջ է քաշվում այն տեսակետը, որ Շենգավիթ քաղաքատեղին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, քան ենթադրվում է: Ավելի ուշ, ինչ-ինչ պատճառներով, քաղաքատեղին պարփակվել է պարսպապատ տարածքում, իսկ լքված թաղամասը վեր է ածվել դամբարանադաշտի: Ենթադրվում է նաև, որ լքված արվարձանը բնակեցված է եղել  մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին քառորդում: Լքվելուց հետո՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում այդ տարածքում ձևավորվել է դամբարանադաշտը7:

Պարիսպներից դուրս հայտնաբերված  դամբարանների  աճյունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դամբարանների  «տերերը պատկանում են կլոր, կարճագանգ,  /բրախիցեֆալ/ մարդաբանական տիպին»8: Հայտնաբերված գանգերից մեկը վերականգնել է պրոֆ. Ա. Ճաղարյանը: Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհում տարածված արմենոիդ մարդաբանական  տիպին: Շենգավիթի ու շենգավիթյան մշակույթը կրող բնակիչների մասին Ե. Բայբուրդյանը գրում է. «… նրանց համար պետք չէ նախահայրենիք փնտրել: Տեսնում ենք, որ շենգավիթյան մշակույթը ամբողջովին կապված է Հայաստանի տարածքի հետ, որ հաջորդ մշակութային ժամանակաշրջաններում պարզապես շենգավիթյան  մշակույթի զարգացում է տեղի ունեցել: Շենգավիթ բնակավայրի բնակիչները ամենայն հավանականությամբ տեղի բնիկներն են:»: Այնուհետև նա շարունակում է. «Ինձ թվում է, որ ոչ ոք չի կարող հերքել իմ հիմնական եզրակացությունը, որ Շենգավիթյան մշակույթը նախորդել է գծանախշ խեցու մշակույթին, որ այս մշակույթը նախնադարյան հասարակության մշակույթ է, որի բնակիչները Հայաստանի հնագույն բնակիչներն էին» 9:

Շենգավիթի հնագույն բնակչի վերականգնված գլուխը

Շենգավիթի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ /բրիչային/: Այդ են վկայում   հայտնաբերված  գարու,  ցորենի, կորեկի  հատիկները,  հացահատիկի հորերը,  ինչպես նաև  քարե բրիչները, աղորիքները, սանդերը, վարսանդները, մանգաղի կայծքարե ներդիրներն ու պղնձե մանգաղները:  2000 թ. կատարված պեղումների ժամանակ  Շենգավիթում հայտնաբերված հացահատիկի հորերը ունեցել են ավելի քան  4 մետր խորություն և կարող էին ամբարել մինչև 2-4 տոննա հացահատիկ, որը մեծ քանակ էր այդ ժամանակների համար:

Շենգավիթի բնակիչները զբաղվել են անասնապահությամբ:  Ցուլի, ոչխարի, այծի, ընտանի խոզի, ձիու,  էշի և շան հայտնաբերված ոսկորները վկայում են զարգացած անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև ձիու երկու արձանիկի գլուխ,  խեցանոթի վրա նկարված ձիու պատկեր և այլն:

Շենգավիթը արհեստագործության կենտրոն էր: Շենգավիթի բնակիչները զբաղվել են քարի մշակմամբ: Ծանոթ են եղել  մանածագործությանը: Այդ են վկայում  հայտնաբերված ոսկրե ասեղները և հյուսված ճոպանները: Իսկ որոշ ոսկրե գործիքներ վկայում են, որ դրանք կարող էին օգտագործվել կաշվե գոտիներ հյուսելու համար10:  2000 թ. պեղումների ժամանակ հնավայրի ստորին հորիզոնում պղնձագործական  ամբողջ թաղամաս է հայտնաբերվել, ուր  առկա են պղնձաձուլարան, հալոցներ և հանքաքարը մշակելու գործիքների հավաքածու: Պղնձի արտադրության մեծ ծավալների /նաև արտահանման/ մասին է վկայում Շենգավիթի ստորին շերտի  միայն մեկ արհեստանոցից հայտնաբերված հալոց-կավանոթների պարունակած մետաղի քանակությունը, որն  ավելի քան 300 կգ ձուլածո պղինձ է Հետազոտությունները ցույց են տվել, որ պղինձը բերվել է Ալավերդու հանքերից11:

Շենգավիթի մշակութային ստորին շերտերում սոցիալական շերտավորման հետքեր չեն նկատվում: Դամբարաններում ուղեկցող նյութը բոլորի համար միատեսակ է:   Նոր պեղումների ժամանակ նկատելի են դառնում  հասարակության շերտավորման որոշ տարրեր, մասնավորապես   վերին մշակութային  շերտերում: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ  կացարանները կառուցվել են տարբեր շինանյութերով: Առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակներ: Ուշադրության արժանի է այն փաստը, որ հավանաբար սեյսմիկ նպատակով սենյակների  պատերը  հատուկ ձևով են կառուցվել: Դրանց ամրություն տալու նպատակով հեղուկ կավալուծույթի մեջ թաթախված խսիրը շերտ առ շերտ փռել են շարվող քարերի վրա12: Այսպիսի բարդ ու միջոցներ պահանջող շինարարություն ոչ բոլորը կարող էին թույլ տալ իրենց:  Ունևոր խավի տներին կից հայտնաբերվել են նաև տնտեսական շինություններ և ցորենի հորեր:  2003 թ. պեղումների ժամանակ հորերից մեկում հայտնաբերվել է հղկված մակերեսով գծազարդ խորհրդանշաններով կանաչավուն գետաքարից պատրաստված կնիք13: Հայտնի է, որ կնիքով կնքել են հացահատիկի հորերը: Պետք է կարծել, որ անձնական կնիքով կնքվել է որևէ մեկի սեփական հացահատիկի հորը: Հորը կարող էր նաև հանրային լինել, իսկ կնքողը` իշխանություն ունեցող մեկը, սակայն փաստն այն է, որ որևէ  մեկի իշխանությունը խորհրդանշող իր կար արդեն:   Իշխանության և ունևորության մասին են վկայում նաև հայտնաբերված կիսաթանկարժեք քարերից պատրաստված տասնյակից ավելի գուրզերը, լավ հղկված օնիքսե գավազանը և այլն:

Վաղ բրոնզեդարյան մի շարք բնակավայրերում   պեղումների ժամանակ  բացահայտորեն որոշ  շինություններ տարանջատվում  են կացարանների ընդհանուր զանգվածից:  Զգացվում է, որ դրանք սրբատեղիներ ու  ծիսական կառույցներ են եղել, քանի որ հայտնաբերվել են նաև զոհասեղաններ, սրբազան մոխիրը պահելու հորեր, շարժական ծիսական օջախներ և այլն:

Ինչպես նկատում ենք, Շենգավիթյան մշակույթը կրում է վաղ քաղաքակրթություններին  բնորոշ մի շարք հատկանիշներ.  երկրագործություն, անասնապահություն, խեցեգործություն,  մետաղամշակություն:   Վաղ քաղաքակրթությանը բնորոշ էր նաև բնակավայրերի /վաղ քաղաքների/ յուրատեսակ դասավորվածությունը, երբ   կենտրոնական բնակավայրի /քաղաքի/ շուրջը ձևավորվում էին այլ  բնակավայրեր:  Այսպես.  Շենգավիթի շուրջը ձևավորվել  են «Մուխաննաթ-թափա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Թաիրովի,  Խորումբուլաղի հուշարձան-արբանյակները»14:

Հնագույն առաջավորասիական այլ վաղ քաղաքների նման իբրև կենտրոնական ամրոց-քաղաք,  Շենգավիթի  շուրջը ևս առաջանում են այլ բնակավայրեր:  Հետագայում,  երբ  Շենգավիթ բնակավայրն արդեն չկար,  նրա շուրջը, հատկապես մոտակա  բլուրների վրա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր, Ծիծեռնակաբերդ, Արին- բերդ բլուր, Կարմիր բլուր/  հիմնվում են նոր բնակավայրեր:

Ընդհանրացնելով նյութը նկատում ենք. Շենգավիթն ունի  վաղ քաղաքներին բնորոշ հատկանիշներ. պարսպապատ է, կատարվել են ծիսական արարողություններ, նկատվում են սոցիալական շերտավորման և մասնավոր սեփականության առաջացման   տարրեր, բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով, որը ենթադրում է  նաև առևտուր:

Շենգավիթ բնակավայրը  գոյություն է ունեցել ավելի քան երկու հազար տարի: Այնուհետև անհայտ պատճառով բնակիչները լքել են բնակավայրը: Սակայն կյանքն այսօրվա Երևանի տարածքում շարունակվել է: Այդ են վկայում Երևանի զանազան թաղամասերում գտնվող հնագույն բնակավայրերից ու դամբարաններից հայտնաբերված հնագիտական իրերը: Շենգավիթյան մշակույթը ևս անհետ չի կորել: Այն երևան է գալիս  այսօրվա Երևանի այլ մասերում`  Ավան, Քանաքեռ, Զեյթուն թաղամասերում,   Ծիծեռնակաբերդում  /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ — մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/,  Արեշ թաղամասում /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Կարմիր բերդում, Կարմիր բլուրում    /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/  և այլն: Մասնավորապես շենգավիթյան տիպի խեցի երևան է գալիս Հրազդան գետի աջ ափին գտնվող Կարմիր բերդի /Ֆիզիկայի ինստիտուտի մոտ/ դամբարանադաշտից  հայտնաբերված  /մ.թ.ա.  2-րդ հազ. վերջ/ սև ու գունազարդ խեցանոթների  նմուշներում:  Իսկ Կարմիր բլուրի նախաուրարտական  բնակատեղին, որ  գտնվում է Թեյշեբաինի քաղաքի ուրարտական մշակութային շերտի տակ, թվագրվում է մ.թ.ա. 13-8-րդ դարերով: Ստորին այդ շերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Շենգավիթի կացարանների նման տներ, մեծ քանակությամբ ուշ բրոնզեդարյան սև փայլեցված խեցեղեն, քարե և մետաղե առարկաներ, կավե կուռքեր, օջախներ15  և այլն:

Այսպիսով Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթ բնակավայրը իր  վաղ բրոնզեդարյան մշակույթով նույնանում է հին աշխարհի հայտնի քաղաքներ Էրեդուի, Ուրի, Ուրուկի /Էրեքի/, Նինվեի,  Քիշի, Շոշի /Սուզա/, Տրոյայի, Կրետեի և Միքենեի ստորին շերտերի պեղված բնակավայրերի հետ,  որոնք թվագրվում են  մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով: Ընդունված է, որ   թվարկված վերոհիշյալ յուրաքանչյուր բնակավայր մոտավորապես 4-6  հազար տարեկան է:  Իսկ առաջավորասիական հնագույն  գրավոր աղբյուրներում /շումերական, աքադական, խուրիական, խեթական, ասուրական/ վերոհիշյալ   բնակավայրերի  հիշատակումներըը վերաբերում են մոտավորապես  մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին:  Ինչպես նկատում ենք այդ քաղաքների տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել ոչ թե նրանց գրավոր հիշատակումը հնագույն գրավոր աղբյուրներում, այլ պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութը: Մինչդեռ Երևանի տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել Երևան /Էրեբունի/ անվան առաջին  գրավոր  հիշատակումը սեպագիր արձանագրության մեջ:  Մ.թ.ա. 782 թ.,  հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի 1-ը  այսօրվա Երևանի տարածքում գտնվող Արին- բերդ բլուրի վրա հիմնել  է Էրեբունի անունով բերդաքաղաք և  վավերացրել   սեպագիր արձանագրությամբ: Երևանի տարիքը հաշվարկվում է  հենց այդ` մ.թ.ա. 782 թ.:   Ստացվում է, որ Էրեդուն, Ուրը, Էրեք-Ուրուկը, Նինվեն, Շոշը և մյուս քաղաքները 4-6 հազար տարեկան են, իսկ Երևանը, որի տարածքում գտնվող Շենգավիթն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի, ընդհամենը 2793 տարեկան: Թե իչպես են կոչվել այսօրվա Երևանի տարածքում գտնվող մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով թվագրվող  բնակավայրերը` այսօրվա Շենգավիթը, Ավանը, Զեյթունը /Կիրզա/, Ծիծեռնակաբերդը և մյուսները, հայտնի չէ: Երևանի տարածքում գտնվող առաջին բնակավայրը, ինչպես վերևում նշվեց,  Էրեբունին է, որի հիմնադրման ու անվանակոչության մասին Արգիշտի 1-ը թողել է արձանագրություն: Եվ եթե Շենգավիթի հասակակից վերոհիշյալ հնագույն քաղաքներն ունցել են անուններ, ուրեմն Շենգավիթը ևս պետք է անուն ունենար, հաշվի առնելով հայտնի բնակավայր /քաղաք/  լինելու հանգամանքը:  Վերևում հիշատակված Շումերի հնագույն սրբազան Էրեդու  /Էրե-դու/ քաղաքի  անունը  նման է Էրեբունի /Էրե-բունի/ անվանը:  Մայր Երկրի տիրակալ  Էնկի-Հայայի պաշտամունքի կենտրոն  Էրեդուն  /նաև Էրիդու, Էրիդուգ,  Ուրուդուգ/ թվագրվում է մ.թ.ա. V հազարամյակով:  Իսկ հնագույն հիշատակումը գրավոր աղբյուրներում վերաբերում է Լագաշի դինաստիայի տիրակալ Ուր-Նանշի ժամանակներին` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսին:  Էրեդուի մասին վերջին հիշատակումները վերաբերում են  մ.թ.ա. VIII-VII դդ. (հիշատակում են Ասորեստանի թագավոր Սարգոն 2-ը  /մ.թ.ա.  772-705/ և նրա որդի Սինախերիբը):  Այդ հազարամյակների ընթացքում Էրեդու անունը  չնչին փոփոխությունների է ենթարկվել. Էրիդու, Էրիդուգ,  Ուրուդուգ:  Նկատում ենք նաև, որ Շումերի հնագույն բնակավայրերի թվում շատ են Էր-/Ար/, Ուր-արմատներով սկսվող անունները. Էրեդու, Էրեք-Ուրուկ, Ուր, Ուրուա:  Հայտնի է, որ շումերների նախնական բնակության վայրերը Հայկական լեռնաշխարհի հարավային մասերն են  /ուսումնասիրողները Շումերի կամ Էրիդուի մշակույթի ակունքները  տեղադրում են Հայկական կամ Հյուսիսային Միջագետքում, История Древнего Востока, М., 1983. ч. 1, с. 72/:  Իսկ Էրեդու և Էրեբունի անունների  Էր /Ար/ բաղադրիչը թույլ  է տալիս ասելու, որ երկու դեպքում էլ անունները կապ ունեն Արարիչ ԱՐ Աստծո անվան հետ:  Նկատում ենք նաև, որ Ere-du և Ere-buni  անունների -du   և -bun  բաղադրիչները  նույնպես  նման են /du=bu/: Այս ամենը թույլ են տալիս մտածել, որ այսօրվա <Շենգավիթ> բնակվայրը կարող էր կրել հնագույն Էրեբունի   անունը, որը  պահպանվելով, մի քանի հազարամյակ հետո Արգիշտի  1-ի կողմից օգտագործվել է  այդ բնակավայրին մոտ  նոր հիմնադրված ամրոցն անվանակոչելու համար:

Հայտնի է, որ Երևանի 2750 ամյակը տոնվել է 1967 թ.,  խորհրդային իշխանության տարիներին, երբ ազգային ինքնության  յուրաքանչյուր դրսևորում  կասեցվում էր խորհրդային իշխանության  կողմից: Այս պայմաններում թույլատրվում է մեծ շուքով տոնել Երևանի ծննդյան օրը: Առաջին հայացքից դա ուրախացնող երևույթ էր, սակայն խորհրդային պետության մեջ հենց այնպես ոչինչ չէր արվում: Համահարթեցվում ու  հավասարեցվում էին այնտեղ ապրող ժողովուրդների մշակույթները,  պատմությունները և այլն: Վերահսկողությունը հատկապես մեծ էր  հայոց պատմության ու հայոց լեզվի հանդեպ:  Բավական է հիշել, որ խորհրդային պատմագրությունը վրացիներին, ադրբեջանցիներին ու հայերին /այս հերթականությամբ/ ուրարտական մշակույթի ժառանգորդներ էր համարում,  հայոց պատմությունը սկսվում էր մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից և այլն: Շենգավիթ բնակավայրի  թվագրման հարցը ևս քննարկման թեմա է դարձել դեռևս 1930-ական թվականներին: Այսպես. ժամանակի անվանի  գիտնականներ Ե. Բայբուրդյանը, Ե. Լալայանը և  Խ. Սամվելյանը շենգավիթյան մշակույթը թվագրում են նոր քարի դարով /նեոլիթ/: Սակայն ավելի երիտասարդ սերնդի հնագետները փորձում են շենգավիթյան մշակույթը թվագրել մ.թ.ա. 1-ին հազարամյակի  2-րդ կեսով:  Երիտասարդ սերնդի  այդ հնագետները նաև այն գիտնականներն էին, որոնք հայերին ու հայկական մշակույթը Հայաստանի տարածքում տեսնում էին մ.թ.ա. 1-ին հազարամյակի  2-րդ կեսից՝ Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստան անվան հիշատակումից հետո: Շենգավիթյան մշակույթը, հատկապես  խեցեղենը  ուշադրության են արժանանում նաև մոսկովյան հնագետների  կողմից, որոնք սակայն ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել  հայտնաբերված խեցին մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջ-2-րդ հազարամյակի սկիզբ   թվագրման հետ և գտնում են, որ ավելի ընդունելի տարբերակը  մ.թ.ա.  2-րդ հազարամյակն  է16:

Համահարթեցման, տեղական մշակույթններն ու ազգայինը մերժելու   պայմաններում,  խորհրդային իշխանությունը չէր կարող թույլ տալ, որ հայոց մայրաքաղաքը հինգ կամ վեց հազար տարվա պատմություն ունենա:   Իսկ 2750-ամյա Երևանի գոյությունը վավերացված էր Արգիշտի 1-նի  սեպագիր արձանագրությամբ,  որը հնարավոր չէր ժխտել և կազմակերպվում է քաղաքի հիմնադրման տոնակատարությունը: Ավելին չէր կարելի և ամեն ինչ արվում է, որ հայերը բավարարվեն դրանով:  Հրապարակ է նետվում այն թեզը, որ Երևանի տարածքում գտնվող 6000-ամյա բնակավայրը  Էրեբունի   անունը կրող բնակավայրը  չէ:   Նաև ծայրահեղ հարցադրում է արվում,  ինչու՞  չի ասվում, որ Երևանն ավելի քան 100.000 տարեկան է,  չէ որ Հրազդան գետի ափին, Երևանյան լճի մոտ  գտնվող Երևանյան քարայրից հայտնաբերված հնագիտական նյութը ավելի քան 100.000 տարեկան է:  Ինչպես նկատում ենք, անգամ այս հարցադրումից  պարզ է դառնում, որ  Երևանը բնակեցված է եղել տասնյակ հազարավոր  տարիներ առաջ և շարունակում է բնակեցված լինել:  Իսկ   ընդունված է,  որ ժամանակակից մարդու կողմից ստեղծված քաղաքակրթությունը մոտ 12-14 հազար տարվա պատմություն ունի:  Կարող ենք նաև ասել, որ այսօրվա Երևանը,  /նրա տարածքը/  ոչ միայն բնակեցված է եղել   հազարավոր տարիներ շարունակ, այլև վաղ բրոնզի դարում նրա թաղամասերից մեկը՝  Շենգավիթը Հայկական լեռնաշխարհի հայտնի բնակավայրերից   մեկն էր: Եվ եթե այսօր  հայտնի չէ Երևանի տարածքում` Շենգավիթ  թաղամասում  գտնվող այդ բնակավայրի  հնագույն անունը, դա չի նշանակում, որ չպետք է հիշենք  այդ մասին ու չկապենք այն Երևանի հետ:  Չէ որ այսօրվա Երևանը իր կազմում ընդգրկված թաղամասերի  ամբողջություն է   /Շենգավիթ, Ավան, Զեյթուն, Աջափնյակ, Կայարանամերձ հրապարակ, Ծիծեռնակաբերդ…/, որոնցից յուրաքանչյուրի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժեքներ:  Յուրաքանչյուր թաղամաս Երևանի  բաղկացուցիչ  մասն է,  յուրաքանչյուր թաղամասի  պատմություն` Երևան քաղաքի  պատմության մի մասը: Իսկ բոլոր թաղամասերի պատմությունը`  Երևանի ամբողջական պատմությունը:

Այսպիսով,  հաշվի առնելով Երևան քաղաքի  հնագույն  թաղամասերից  մեկի` Շենգավիթի  պատմությունը, կարող ենք ասել, որ  հայոց մայրաքաղաք Երևանը ավելի քան  6000 տարեկան է  և աշխարհի այն քաղաքներից է, որը հազարամյակներ շարունակ  բնակեցված է եղել ու  շարունակում է բնակեցված լինել:

    1. Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալ հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին  գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը: Անդրադառնալով  այսօրվա Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթին, փորձ է արվում   նշել այն պատճառները, որոնց հետևանքով անընդհատ շեշտվում է ոչ թե 6000 ամյա, այլ  3000 ամյա  Երևանի մասին:
    2.  Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները,  2002, էջ 23: Հայաստանի հնագույն մշակույթը, 2  /Է. Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր/:
    3.  Ս. Սարդարյան, Նախնադարյան  հասարակությունը Հայաստանում, Ե., 1967,        էջ  171:
    4. Е. Байбуртян, Последовательность древнейших культур Армении на основании   археологического  материала, Ереван, 2011, с. 51.
    5. Ս. Սարդարյան, էջ  171:
    6. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 23:
    7.  Հ. Սիմոնյան,  Շենգավիթի դամբարանադաշտը:  Հին Հայաստանի մշակույթը, XIV,  Երևան,  2005  /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի,  նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին /:
    8. Ս. Սարդարյան, էջ 250:
    9.  Е. Байбуртян, с. 60.
    10.   Е. Байбуртян, с. 58.
    11.  Հ. Սիմոնյան, Ա. Գնունի,  Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում /ըստ հնագիտական աղբյուրների/,   էջ 63:    Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…,  էջ 24:
    12. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24:
    13. Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները:  Հին Հայաստանի մշակույթը, XIII,  Երևան,  2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի/,  էջ  57:
    14.  Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III  հազարամյակում, Երևան, 1967:
    15. Ս. Եսայան,  Կարմիր բլուր,  Ե., 1982, էջ   57-66:
    16. Е. Байбуртян, с. 60.

Երևան-3   գիտաժողովի նյութերից, 2011 թ.

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: