Պատմություն Հայոց Արեւելյան Կողմի /Աղվանք, Գարդման, Ուտիք/ կամ ովքե՞ր են ալբանացիները


Ամփոփում

Արաքս գետի ստորին հոսանքների և Կուր գետի միջև ընկած երկրամասը  /Գարդման-Ուտիք, Արցախ, Փայտակարան/ հայ պատմագրության մեջ հայտնի է  <Հայոց  արեւելից կողմանք>,  <Երկիրն արեւելից>  և <Աղվանից աշխարհ> /Աղվանք/ անուններով: Նույն երկրամասի  Սևանի ու Մռավի ջրբաժան լեռնաշղթաների և Կուր գետի միջակայքում ընկած տարածքը հայ պատմագրության մեջ վաղ միջնադարում հայտնի էր Գարդման  անունով: Գարդմանը հայտնի է  նաև  Ուտիք, Շակաշեն /Շիկաշեն/ և Արշակաշեն անուններով:  <Աշխարհացույցում> /VII դարի սկիզբ/ Մեծ Հայքի 12-րդ նահանգը վկայվում է Ուտիք անունով,  որը բաղկացած է ութ գավառներից.  Առան-ռոտ, Տրի /Տրե/, Ռոտ-Պարսեան, Աղուէ, Տուս-Քուստակ, Գարդման, Շակաշէն, Ուտի Առանձակ  /Ուտ-Ռոստակ/:   Վարչական փոփոխությունների հետևանքով գավառների թիվը հասցում է իննի, ներառելով նաև Տավուշը:  Ինչպես նկատում ենք, նահանգի համար օգտագործվող Գարդման, Ուտիք, Շակաշեն /Շիկաշեն/ անունները նաև գավառների անուններ են: Եվ ըստ գավառի տերերի զբաղեցրած դիրքի, տվյալ ժամանակաշրջանում նահանգը կոչվել է գավառի անունով` Գարդման, Ուտիք, Շակաշեն /Շիկաշեն/: Հետևաբար երեք անուններն էլ հավասարազոր են: Գարդմանը  բաղկացած է գարդ /զենք/- և ման /մարդ/ բաղադրիչներից  ու ենթադրվում է, որ այն   զենքի մարդկանց  /երկիր/ իմաստն ունի:    ՈՒտի անունը ըստ տարածված տեսակետի առաջացել է արարատյան /ուրարտական/ սեպագիր արձանագրություններից հայտնի էթիունի կամ   Էտիունի  /երկիր, ցեղ/ անունից  / Никольскии М. В.,  Клинообразные надписи Закавказья, МАК, V, с. 92/:  Առաջ քաշված   տեսակետներից մեկի համաձայն  Շիկաշեն /Շակաշեն/ անունը առաջացել է  Շեկարմատից:   Կատարված նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ հայոց Աղվանից աշխարհը իր մեջ է ներառել ոչ միայն Աջափնյա Կուրը,  այլև Ձախափնյա Կուրի հարթավայրը,  մինչև Կովկասյան լեռների հարավային ճյուղավորումներ, լեռներ ու կիրճեր, մինչև այդտեղ ապրող կովկասյան ցեղերի բնակության վայրեր, որի մասին վկայում են հույն, հռոմեացի և հայ պատմիչները  /հարցը մանրամասն քննարկվում է աշխատության մեջ/:

XIX դ. վերջին և XX դ. սկզբին Գարդմանի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական  հրաշալի գտածոներ` բրոնզե իրեր` զենքեր, զարդեր, գեղեցիկ զարդանախշերով կավե անոթներ և այլն: Բացառիկ գեղեցիկ են  կավե անոթները, որոնք զարդանախշված են երկրաչափական /խաչ, սվաստիկա, շրջանակ/, բուսական /կենաց ծառ/, կենդանական /այծ, այծյամ, եղջերու, ձի, շուն, օձ/,   ինչպես նաև մարդկանց պատկերներով: Հայտնաբերված իրերի վրա շատ հաճախ է հանդիպում Արև-Աստծո խորհրդանիշը`  սվաստիկան /արևխաչ/: Ցավոք, հայտնաբերված գտածոներից շատերի հետքերը կորել են /Мещанинов И. И., Закавказские  иероглифы, Сообшения ГАИМК, 1932, 34, с. 55/:   Դրանց մեծ մասն ուղարկվել է Պետերբուրգ, Մոսկվա ու Թիֆլիս: Հատկապես մեծ թիվ են կազմում Թիֆլիսի Կովկասյան թանգարան ուղարկված իրերը /Коллекции Кавказского музея, т. VI, с. 123-125. Ս. Կարապետյան, Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն, Ե. 2004  / և այլն:

XX դարի կեսերից Գարդմանի տարածքում (Քանդակ-Մինգեչաուր, Գանձակ, Խանլար, Շամխոր, Ղազախ, Հարցհանգիստ /Չովդառ/, Խաչի աղբյուր /Խաչբուլաղ/) նոր հնագիտական պեղումներ են  կատարել սովետական,  հիմնականում ադրբեջանցի մասնագետները:  Պեղումների ժամանակ  հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են  մ.թ.ա. III-I հազարամյակով, տարվել են Բաքու  և պահվում են այդ քաղաքի  թանգարաններում /Путеводитель  по экспозиции музея истории Азербайджана, Баку, 1958/:   Այդ իրերն այսօր հանդիսանում են այն հիմնական մշակութային արժեքները, որոնց հիման վրա ադրբեջանցիները փորձում են պատմություն ստեղծել իրենց համար:

Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները, այդ թվում Գարդմանը խալկոլիթյան /կամ էնեոլիթյան, պղնձիքարի դար, մ.թ.ա. V-IV հազարամյակ/ մշակույթի կարևոր կենտրոններից են: Էնեոլիթյան լավ ուսումնասիրված հուշարձաններ են Արարատյան դաշտավայրի Խաթունարխ, Մոխրաբլուր /Էջմիածին/, Թեղուտ, Արարատյան դաշտավայրի շարունակությունը կազմող Նախիջևանի Մոխրաբլուր, ինչպես նաև Ղազախի մոտ, Աղստև գետի հովտի  Շոմու թեփե, Թոյրե թեփե, Գարգալար թեփե, Բաբա-դերվիշ և այլ բնակավայրեր: Աղստև գետի հովտի բնակավայրերում հայտնաբերված սանդերը, աղորիքները և տրորիչները թույլ են տալիս ասելու, որ բնակիչները հիմնականում  զբաղվել են երկրագործությամբ, աճեցնելով հացահատիկային բույսեր: Իսկ մանր ու խոշոր եղջերավոր անասունների ոսկորների առատությունը վկայում է, որ բնակիչները զբաղվել են նաև անասնապահությամբ:

Գարդմանը Կուր-Արաքսյան մշակույթի /մ.թ.ա. IV –II-րդ հազարամյակ/ նշանավոր կենտրոններից է: Այս մշակույթի առաջին հնագիտական նյութերը հայտնաբերվել են 1869 թ. Զագլիկ գյուղի մոտ  /Գանձակի գավառ/  և 1879 թ.  Արմավիրում  /Արմավիրի շրջան/:  Հայտնաբերված նյութերն առաջին անգամ ուսումնասիրել  և  բնութագրել  է Բ. Ա. Կուֆտինը, պայմանականորեն այն անվանելով Կուր-Արաքսյան մշակույթ /Куфтин Б. А., Урартский <Колумбарий> у подошвы Арарата и Куро-Араксский энеолит, <Вестник гос. Музея Грузии>, 1943, т. 13  В/:   Հայկական լեռնաշխարհի ու   Գարդման աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը հայոց Աղբերդ /այժմ Աղդաշ/ գավառում  գտնվող Մինգեչաուրն է /Քանդակ/, որտեղ  կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են Կուր-Արաքսյան մշակույթը ներկայացնող  հրաշալի մշակութային արժեքներ  /մ.թ.ա. III-II հազարամյակ/: Միայն 1946-1950 թթ. կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 14.000 հնագիտական առարկաներ, որոնք սփռված էին մոտ 35. 000  մ2 տարածքի վրա:  Մեկ դամբարանի օրինակը բավական է, համոզվելու համար, թե դրանք որքան հարուստ են մշակութային արժեքներով: Այսպես. Ադրբեջանի պատմության թանգարանի մի ամբողջ խոշոր ցուցափեղկ-պահարանում ցուցադրվում են  միայն մեկ ազնվականի դամբարանից հայտնաբերված բազմաթիվ իրեր /Путеводитель  по экспозиции …, 1958/:  Հատուկ ուշադրության են  արժանի Քանդակ-Մինգեչաուրից հայտնաբերված կենդանակերպ, թռչնակերպ, խառը և այլ ձևերի կավե անոթները, նաև երկարաճիտ կոշկաձև  անոթները, ռիտոնները,  որոնք հիմնականում  ծիսական նշանակություն են ունեցել:  Հայտնի է, որ կոշկաձև անոթները դրվել են հանգուցյալի հետ,  նրա երթը դեպի հանդերձյալ աշխարհ հեշտացնելու համար: Իսկ ռիտոնը օգտագործում էին ծիսական արարողությունների ժամանակ, որով քրմերը աստվածային սրբազան ըմպելիք` գինի   էին հեղում ծիսական արարողությունների ժամանակ: Քանդակ-Մինգեչաուրի հնագույն և միջնադարյան բնակիչների էթնիկ պատկանելիության ու քրիստոնյա լինելու մասին   կարևոր էին 1948 թվականի պեղումները: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են եկեղեցական տաճար, շինություններ, սյուների խարիսխներ, լուսամուտների ու դռների մնացորդներ, ճարտարապետական այլ մանրամասներ, որոնց վրա պարզ երևում են հայոց այբուբենի տառերը:  Կան նաև  գրություններ, որոնք ալբանական են համարվում: Հայտնաբերվել են նաև բրոնզե ու երկաթե խաչեր,   բուրվառների մնացորդներ և այլն:

Կուր-Արաքսյան մշակույթին հաջորդել են միջին բրոնզեդարյան  /մոտ. մ.թ.ա. XXI-XIX դդ/,  ուշ բրոնզեդարյան ու երկաթեդարյան մշակույթները /մոտ. մթա XIII-VII դդ./: Հնագիտական պեղումները վկայում են, որ Գարդմանը ներառված էր Հայկական լեռնաշխարհի մշակութային արեալի մեջ և այս տարածքում ստեղծված մշակույթը սերտորեն կապված էր Հայկական լեռնաշխարհի այլ մասերում ստեղծված մշակույթի հետ:  Կուր-Արաքսյան մշակույթը  և մյուս  բոլոր  մշակույթները   երկրագործ, նստակյաց  ցեղերի մշակույթ են, որոնք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի բնիկներին` հայարմեններին: Երկրագործ,  նստակյաց ժողովրդի մշակույթ է նաև Ձախափնյա Կուրի Յալոյլութեփեյան մշակութը / Կապաղակ, այժմ Գաբալայի շրջան, Կուտկաշեն/,  որը թվագրվում է մ.թ.ա. 3-1-ն դդ.:

Հնագույն ժամանակներից սկսած հայկական բոլոր պետությունները փորձել են միավորել հայկական  ցեղերին ու պետական կազմավորումներին, որոնք ապրում էին Միջերկրական ծովից  Սև ծով ու Կասպից ծով ընկած տարածքներում:  Հայոց հնագույն Արարատ-Ուրարտու պետության /մ.թ.ա 9-7-րդ դդ/ թագավորներ Իշպուինիի,  Արգիշտի  1-ի, Սարդուրի 2-ի և այլոց արձանագրությունները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհը միավորելու նպատակով նրանց կազմակերպած արշավանքների արդյունքում Գարդմանը և Արցախը ընդգրկվել են հայոց Արարատ-Ուրարտու պետության  կազմում:

Հույն և հռոմեացի պատմիչները /Ստրաբոն,  Պոլիբիոս,  Պլինիոս Ավագ, Պլուտարքոս, Պլինիոս/ Ալբանիայի և Կովկասի լեռնական ցեղերի  մասին  տեղեկություններ են  հաղորդում   մ.թ.ա. I  հազարամյակի վերջից,  օգտվելով այլ գրավոր աղբյուրներից  /սելևկյան զորավար Պատրոկլեսի, հռոմեացի զորավարներ Լուկոլլոսի, Պոմպեոսի և Անտոնիոսի կենսագիրների և ուղեկիցների չպահպանված գրառումներից/: Նրանք  հիշատակում են  alban, udini, utidorsi, uiti,  lbin /լփնի/,  silvii  կամ silver  /ճիղբ/,  didur  /դիդոյ/,  sod,   gel, lek /leg/  և այլ անուններով ցեղերի մասին, որոնք  ապում էին Կասպից ծովի ափամերձ շրջաններից ու Սամուր գետի լեռնային շրջաններից մինչև Կովկասյան լեռներ և իբերների երկիր ու  Ալբան /Աղվան, այժմ Ալազանի/ գետի  վերին հոսանքի միջև ընկած տարածքներում:     Հայկական  գրավոր աղբյուրները (Մովսես Խորենացի /V դ./, Եղիշե /V դ./, Փավստոս Բուզանդ /V դ./, <Աշխարհացույց> /VIIդ./,  Մովսես Կաղանկատվացի  /VII դ./)  նույն տարածքում հիշատակվում են մասքութաղուատական /ախտի/,  ղեկ   /ցախուր/, թավասպար  /թաբասարանցի/,  լեկ  /լեզգի/,  գարգար, խունձ, հեճմատանլփնի  /լահիճներ/,  դիդոյճիղբ  և այլ անունով ցեղերի մասին:     Ինչպես նկատում ենք, հիշատակված  ցեղերը  կովկասյան ցեղեր են, որոնք ապրում  են Կովկասյան լեռնաշղթաների ճյուղավորումներից հյուսիս ընկած տարածքներում ու Կասպից ծովի ափամերձ շրջաններում:

Հույն և հռոմեացի պատմիչների  աշխատություններում  և նրանց կողմից տրված տեղեկությունների հիման վրա կազմված աշխարհի հնագույն  քարտեզներում  (Ստրաբոն,  /մ.թ.ա. I — մ.թ. I դդ,  <Աշխարհագրություն>, XI, գլ. III, 2, 14 /4/, Պտղոմեոս, /II դար, <Աշխարհագրություն> /VI, XI, 3/) Գարդման-ՈՒտիքը միշտ նշվում է Հայաստանի սահմաններում,  իսկ Կուր գետը համարվում է  Հայաստանի բնական սահման: Կուր գետը Մեծ Հայքի բնական սահմանն է նաև ըստ <Աշխարհացույցի>: Սակայն հույն պատմիչները /Ստրաբոն/ և հայոց <Աշխարհացույցը> նույն Կուր գետի ձախ ափին  վկայում են հայկական գավառների մասին: Ստրաբոնը հիշատակում է հայկական Խորզենե /Կղարջք/, Կամբյուսենե  /Կոմիսենե, Կամբեճան/ գավառների մասին  /Ստրաբոն, <Աշխարհագրություն>, XI, գլ. III, 2, 14/4/:   Անահտական երկիր անունով գավառ հիշատակում է Հոսեփոս Փլավիոսը /1-ին դար, մեզ է հասել Դիոն Կասսիոսի միջոցով, Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, գիրք XXXVI, 5/:  Աղբերդ /նաև Քաղադաշտ, Քալաձոր, հետագայում Աղդաշ/,  ԴաշտիԲազկան /Հեջերի, այժմ Ուջարի, գտնվում է Շիրվանի տափաստանում/, Կապաղակ  /նաև Ոստանիմարզպան, այժմ Կաբալա/ և այլ գավառների մասին վկայում է <Աշխարհացույցը>:  Ինչպես նկատում ենք հնագույն գրավոր աղբյուրները  թույլ են տալիս ասել, որ Ձախափնյա Կուրը մինչև  Կովկասյան լեռների ստորոտ,  հայաբնակ էր ու  հայոց Աղվանք երկրամասի  բաղկացուցիչ մասն է կազմել:

Պատմահայր Մովսես Խորենացին /5-րդ դար/ կարևոր վկայություն ունի Աղվանք անվան ծագման  և Աղվանք երկրամասի սահմանների մասին: Նա գրում է, որ Հայկից սերված Սիսակի  ցեղը  ժառանգել է  Աղվանից դաշտը և այդ դաշտի լեռնակողմը /Կովկասյան լեռների ստորոտ/: Այնուհետև  հայոց Վաղարշակ թագավորը    հայոց արեւելյանհյուսիսային կողմի`  Կուր կոչված մեծ գետի ընթացքով, որ անցնում է մեծ դաշտով, կողմնակալ է նշանակել  Սիսակի որդի Առանին:    Երկրամասի Աղվանք անվան ծագման մասին Խորենացին գրում է, որ Աշխարհը /երկրամասը/ Աղվանք կոչվեց նրա /Սիսակի/ քաղցր /=աղու/ բնավորության պատճառով, որովհետև նրան աղու էին ասում:  Իսկ Առանից սերված  զավակները    իշխում են Ուտիքում,   Գարդմանում և Ծավդեքում /Արցախ/, /Մ. Խորենացի, Հայոց Պատմություն, 1981, էջ 127,  129/:

Գարդման-Ուտիքը հայոց պետության կազմում էր Արարատ-Ուրարատական արքայատոհմին /մ.թ.ա. 9-6-րդ դդ./ հաջորդած   Երվանդունիների /մ.թ.ա. 6- մ.թ.ա. 2-րդ դար/,  Արտաշիսյանների /մ.թ.ա.2-մ.թ.1-ն դար/, Արշակունիների  /1-4-րդ դդ/,   Բագրատունիների /9-11-րդ դդ/ և Զաքարյանների ժամանակ /12-13-րդ դդ/:  Սակայն  Գարդման-Ուտիքը հաճախ է պոկվել Հայաստանից ու կցվել օտար պետությունների: Առաջին պայմանագիրը,  որով  Գարդմանն  անջատվել է Հայաստանից,  Հռոմի ու Պարսկաստանի միջև  363 թ. կնքված պայմանագիրն էր: 371 թ. հայոց Պապ թագավորի ժամանակ Գարդմանը  նորից միացվել է Հայաստանին:  385 թ. /387/  տեղի է ունեցել Հայաստանի   առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի  միջև: Գարդմանն այլ ծայրագավառների հետ նորից անջատվել է Հայաստանից և կցվել Պարսկաստանին:  V դարի կեսին Գարդմանը և Արցախը մտցվել են նոր կազմավորված Աղվանք մարզպանության կազմի մեջ: Վարչական այդ փոփոխությունից հետո, մարզի եկեղեցին առանձնանում է և սկսում է կոչվել Աղվանից կաթողիկոսություն, մնալով  ենթակա հայոց լուսավորչական եկեղեցուն:

VII դարում Հայաստանը, այդ թվում Աղվանքը /նաև Գարդմանը/  ընկնել են արաբական տիրապետության տակ, ընդգրկվելով  Արմինա /Արմենիա/ ոստիկանության  կազմում: Արաբները նվաճված ժողովուրդներին մահմեդականացնելու քաղաքականություն էին վարում: Մահմեդական դարձած  հպատակները ազատվել են հարկերից, ստացել  արտոնություններ, նշանակվել զանազան պաշտոնների և այլն: Այդ քաղաքականության արդյունքում շատ ցեղեր, այդ թվում կովկասյան  ցեղերը ընդունել են  մահմեդականություն:     Իսկ հայ ժողովուրդը  իր մշակույթի, լեզվի, գրի ու գրչության, կրոնի և  ավանդույթների շնորհիվ  կարողացավ պահպանել    էթնիկ դիմագիծը:

885թ. վերականգնվել է հայոց պետականությունը: Թուլացող  արաբական խալիֆայությունը ճանաչել է Հայաստանի անկախությունը: Աշոտ Բագրատունին  /Աշոտ 1-ին, 885-890/ հռչակվել  է հայոց թագավոր: Դրսևորելով պետական, դիվանագիտական ու զորավարական մեծ հմտություն Աշոտ 1-ը կարողացել է վերականգնված հայկական պետության մեջ միավորել հայկական շատ իշխանություններ, այդ թվում Արցախն ու Գարդմանը: IX դարի վերջին Բագրատունյաց Հայաստանի սահմանը հյուսիս-արևելքում հասնում էր մինչև Կուր գետ: Սակայն Բագրատունիներին չի հաջողվում Հայաստանը միավորել միասնական պետության մեջ: Իսկ Բյուզանդիայի անհեռատես քաղաքականության հետևանքով 1045 թ. կործանվում է Անիի Բագրատունյաց թագավորությունը: Ռազմական ուժից զրկված Հայաստանը հայտնվում է անպաշտպան վիճակում: Բյուզանդիայի այս անհեռատես քաղաքականությունը ճակատագրական եղավ  և՜  Հայաստանի  և  հենց իր՜  Բյուզանդիայի համար:  1047 թ. Հայաստան են ներխուժում նոր, շատ վտանգավոր թշնամիներ`  թուրք-սելջուկները, որոնք 1071 թ. Մանազկերտի մոտ պարտության են մատնում բյուզանդացիներին:  Անպաշտպան մնացած Հայաստանը /նաև Գարդմանը/, այնուհետև` նաև   Բյուզանդիան  նվաճվում են թուրք-սելջուկների կողմից: Վրաստանը, որ  համեմատաբար զերծ էր մնացել սելջուկյան արշավանքներից, կարողանում է   հայ  զորահրամանատարներ  Զաքարե ու Իվանե Զաքարյանների   գլխավորությամբ հաջող ռազմական գործողություններ վարել:   1196 թ. Զաքարեն ու Իվանեն ջախջախում են Գանձակի ամիրայի զորքը:  Գարդմանը հայկական այլ տարածքների հետ անցնում է Զաքարյաններին:  Սակայն շարունակում են հայտնվել նորանոր թշնամիներ: Թուրք-սելջուկներին /XI դ./  հաջորդում են մոնղոլ-թաթարները /XIII դ./:   Այնուհետև հայտնվում են  Լենկ Թեմուրի հրոսակները /XIV դ./:  Մոնղոլ-թաթարական արշավանքների նախօրյակին Այսրկովկասում խիստ փոխվել էր ժողովրդագրական պատկերը:  Ատրպատականում տիրապետող է դառնում թուրքալեզու տարրը:  Ձախափնյա Կուրից հյուսիս ընկած տարածքներում ևս բնակչությունը հետզհետե թուրքանում է:  Հայկական լեռնաշխարհի բարեբեր հարթավայրերում ու հովիտներում /Գարդման, Նախիջևան/ բնակություն են հաստատում  թուրքական, թաթարական  ու քրդական ցեղեր: Իսկ Գարդմանի ու Նախիջևանի բնիկ հայ բնակչությունը  բռնությամբ տեղահանվում է  Լենկ Թեմուրի որդի Միրանշահի ժամանակ /1396 թ./:  Այս պայմաններում կենսունակ գտնվեցին  նախալեռնային ու լեռնային շրջանների  հայկական գյուղական համայնքները,  որոնք պահպանեցին  իրենց ավանդական նիստուկացը, օրենքներն ու սովորույթները:

1512թ.  մինչև 1639թ., կարճ ընդմիջումներով  Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Իրանի միջև տեղի ունեցող պատերազմների ժամանակ Հայաստանը դառնում է ռազմական թատերաբեմ:  Հայկական բնակավայրերն ու գավառները ենթարկվում են շահի կամ սուլթանի զորքերի ասպատակություններին: 1639թ. կնքված պայմանագրով Պարսկաստանին են անցնում Պատմական Հայաստանի Սյունիք, Արցախ, Գարդման, Փայտակարան, Պարսկահայք նահանգներն ամբողջությամբ և Այրարատի, Գուգարքի  ու Վասպուրականի արևելյան գավառները: Իրենց թալանչիական հարձակումներն են շարունակում Կովկասի լեռնականները,  հատկապես  լեզգիները: Նրանք գերեվարում են տասնյակ հազարավոր հայերի, հատկապես կանանց ու երեխաների: Այդ է պատճառը, որ այսօր Հյուսիսային Կովկասի ժողովուրդների, հատկապես լեզգիների ու ավարների մեջ մեծ թիվ են կազմում հայկական արտաքինով մարդիկ /արմենոիդ մարդաբանական տիպի ներկայացուցիչներ/: Գարդմանահայությունը զանազան պատճառներով /գերեվարություն, սով, համաճարակ, գաղթ/ հայտնվում էր նաև Վրաստանում:  Դրա հետևանքով Կախեթում, Թիֆլիսում /Հավլաբարում/  և Վրաստանի այլ բնակավայրերում անընդհատ մեծանում էր հայ բնակչության,  մասնավորապես  գարդմանահայության  թիվը:

Բաժանված լինելով  Հայաստանից,  Գարդմանը հոգևոր ու  մշակութային կապերով շարունակում էր կապված մնալ մայր  Հայաստանի հետ: Գարդմանահյության մեջ տարածված բանավոր զրույցները, ավանդույթները, ավանդությունները, երգերը, պարերը, ծիսական արարողությունները և այլ տարրեր վկայում են, որ հոգևոր կապը միշտ առկա է եղել Գարդմանի և հայոց մյուս աշխարհների միջև:    Առանձին ուսումնասիրության նյութ են Գարդմանի  խաչքարագործական ու   գորգագործական արվեստները: Գարդմանյան խաչքարերը շատ գեղեցիկ են, զարդանախշված` բուսական ու կենդանական նրբահյուս պատկերներով և մարդկային կերպարներով: Ցավոք այսօր դրանց մեծ մասը  հիմնականում ոչնչացված է: Ի դեպ ադրբեջանցիները  փորձում են յուրացնել  գարդմանյան խաչքարերը,  դրանք հռչակվելով  ալբանական:    Նույն գեղեցիկ, նրբահյուս բուսական ու կենդանական պատկերները և մարդկային կերպարներն են պատկերված գարդմանյան գորգերին:  Այսօր պետք է փաստենք.  եթե խաչքարերի մեծ մասը  հայկական մյուս հուշարձանների նման ոչնչացված է, ապա գորգերը զարդարում են Ադրբեջանի թանգարանները: Դեռևս 1950-1960-ական թվականներին, ադրբեջանցիները հեռահար նպատակով հայկական գյուղերից ու հայ անհատներից  գնում կամ փոխանակում էին  հայկական գորգերը գործարանային արտադրության  գորգերով: Եվ գարդմանահայության ստեղծած մշակութային արժեքներից  գորգերը ևս  հնագիտական գտածոների նման  հայտնվում են Ադրբեջանի թանգարաններում: Այնուհետև  Բաքվում  ստեղծվում է  գորգերի թանգարան, իսկ գորգագործությունը հայտարարվում է ադրբեջանական  ժողովրդի ստեղծած մշակույթի կարևոր ճյուղ: Հայկական գորգը  խաչքարի նման  ստեղծվում էր որևէ  առիթով և  այդ մասին  գրություններ էին արվում  գորգերի ու կարպետների վրա /անուններ, թվականներ/: Ադրբեջանցիները գտնում են հայերեն մակագրությունները գորգերի վրայից վերացնելու միջոցը: Նրանք կտրում, հանում են գորգի  այդ հատվածը  և   հայտարարում,  որ դրանք մաշված են:  Ի դեպ ադրբեջանական կոչվող գորգերի հավաքածուներում մեծ թիվ են կազմում ոչ միայն Աջափնյա Կուրի բնակավայրերից, այլև հայերի նախնական բնակության վայրեր համարվող Ձախափնյա Կուրի  Շամախի, Նուխի /այժմ Շաքի/ և այլ բնակավայրերը ներկայացնող գորգերը: 16-17-րդ դդ. Շիրվանում  եղել է մոտ  60 հայկական գյուղ: Այդ մասին վկայում է եվրոպացի ճանապարհորդ Ադամ Օլեարիուսը /17-րդ դար/,  / Լեո, հ. 3, 1969, էջ 169/:  Իսկ այդ տարածքի  հայ բնակիչները մահմեդականացվել են 18-19-րդ դդ. կամ պարբերաբար կոտորածի ենթարկվել /վերջինը 1918թ. տեղի ունեցած Նուխիի,  Շամախիի հայ  բնակիչների կոտորածն էր/:

XIX  դարի սկզբին հայերի ակտիվ մասնակցությանբ Այսրկովկասում հաստատվում են ռուսները: 1804-1813 թթ. տեղի է ունենում ռուս-պարսկական պատերազմ: 1804 թ. գրավվում է Գարդմանի տարածքում ուշ միջնադարում ստեղծված Գանձակի խանությունը և այնտեղ ապրող գարդմանահայերը մտնում են ռուսական կայսրության կազմի մեջ: 1813 թ. Գյուլիստանում կնքված պայմանագրով Վրաստանի, Պատմական Աղվանքի ու հայկական այլ տարածքների հետ Ռուսաստանին են անցնում նաև Ղարաբաղի ու Գանձակի խանությունները:  Գանձակի /Գյանջայի/ խանությունը Ռուսաստանին միացվելուց հետո վերանվանվում է Ելիզավետպոլի  նահանգ: 1828 թ. Արևելյան Հայաստանը ռուսական կայսրության կազմի մեջ մտնելուց հետո, Պարսկաստանից, Արևմտյան Հայաստանից և այլ վայրերից կազմակերպվում է հայ բնակչության ներգաղթ դեպի Արարատյան դաշտավայր, Արցախ,  Գարդման ու Ջավախք: Ներգաղթողները հիմնականում տեղավորվում են հայաթափված նախկին  հայկական բնակավայրերում, որտեղ պահպանվել էին հայկական շինությունների հետքեր /վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ`  հայատառ արձանագրություններով/:    Ի դեպ  նկատի ունենալով հենց այս ներգաղթը, ադրբեջանցի /նաև վրացի/ պատմաբանները զանց առնելով հայկական հնագույն հուշարձանների գոյությունը /նաև 5-7-րդ դարերով թվագրվող/ այդ բնակավայրերում,  պնդում են, որ հայերն այդ տարածքներում հայտնվել են  1828 թ. հետո:

Մեծ էր հայերի հույսը, որ հավատակից Ռուսաստանը վերջ կտա ազգամիջյան ընդհարումներին, որից հատկապես տուժում էր հայ ժողովուրդը: Սակայն ռուսական կայսրերին  չէր հետաքրքրում իրենց կայսրության սահմաններում ապրող ազգերի` մասնավորապես քրիստոնյաների, նաև հայերի  անվտանգությունը: Մյուս օտար տիրակալների նման ռուսական կայսրերը ևս վարում էին հայերին Հայաստանից դուրս մղելու քաղաքականություն:  Խրախուսվում էր հայերի գաղթը դեպի Հյուսիսային Կովկասի մերձկասպյան նվաճված տարածքներ, իսկ Գարդմանում և այլ հայաբնակ վայրերում բնակեցվում էին ռուս /նաև գերմանացի/ վերաբնակիչներ: Արվում էր ամեն ինչ /վարչական նոր բաժանումներ, գաղթ/, որ հայերը մեծամասնություն չկազմեն իրենց հայրենիքում:   Իսկ հետագա դեպքերը  ցույց տվեցին, որ 1905-1906 թթ.  ռուսական կառավարության թողտվության պայմաններում են  Այսրկովկասում սկսվել հայ-թուրքական /թաթարական/ ընդհարումները /ենթադրվում է միջազգային գաղտնի կազմակերպությունների հրահրմամբ/, Ռուսաստանում սկսված հեղափոխական շարժումների դեմն առնելու համար:

XIX դարի վերջի Գարդմանի, Արցախի, նաև Կուր գետից հյուսիս, մինչև Հարավային Դաղստան ընկած տարածքներում ու Ապշերոնում    ապրող  բազմալեզու ցեղերի մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցը: 1890 թ. նա եղել է այդ շրջաններում,  գրի առել իր տեսածն ու լսածը և հրատարակել  արժեքավոր աշխատություն /Մակար Բարխուտարեանց, Պատմութիւն  Աղվանից,  հ. Ա, Վաղարշապատ, 1902,   հ. Բ,  Թիֆլիս, 1907/, որի դերը շատ մեծ է Աղվանքի /Գարդման-Ուտիք, Արցախ/ պատմությունն  ուսումնասիրելու համար:  Իբրև կայացած  իրողություն  հեղինակը ցավով վկայում է բռնի մահմեդականացած ու թուրքախոս դարձած բազմաթիվ հայկական գյուղերի մասին: Բարխուդարյանցը գրում է մոտավորապես  1711-1722 թթ.  Շաքի գավառի  հայ բնակչության մահմեդականացման մասին, որը կատարվել է բռնությամբ: Նա գրում է նախկինում հայադավան Վանտամ /իջեւան տալ/,  Կուտկաշեն / խութի վրա շինված/,  Զարղուն, Բում, Խաչմաս /խաչի մասունք/,  Փատառ, Վարդանլու /Վարդանի գյուղ/, Էրմանիտ /հայի գյուղ/, Մուխանց  /մուխն անցած/, Օրաբան  /օրվա խոսք կամ գործ/, Քունգիվտ /քունը գտնող/, Պտեզ /պարտեզ/,  Զայզիտ, Քիշ /Գիս/, Կոխմուխ /մուխը կոխել ոտքով/, Մալղ /մալուխ/ և այլ բնակավայրերի մասին, որոնց բնակիչները դարձել են մահմեդական:  Ավելացնենք. Բալախանի, Բիբի Էյբաթ, Արեշ, Խանաբադ, Քենդեկ, Գավարլի…:  Մահմեդականացած  հայերը երկար ժամանակ պահպանում են իրենց հայկական անունները, սովորույթները, շարունակում են համբուրել խաչքարերը, հաճախել ուխտատեղիները, մոմեր վառել ու աղոթել, խաչակնքել քնած երեխային, հունցած խմորն ու կրակից վերցրած ճաշը: Սակայն նրանց ու թուրք-թաթարների միջև եղած  ամենացայտուն տարբերությունը արտաքին հատկանիշներն են: Մահմեդականացած հայերն ունեն տիպիկ հայկական արտաքին  և պատկանում են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տեսակին  /կլոր, կարճ գլուխ գլխարկի շրջագծով,  տափակ ծոծրակ, բարձր քթոսկր,  խոշոր աչքեր, ալիքաձև մազեր, բաց գույնի մաշկ/  ի տարբերություն թուրք-թաթարների, որոնք պատկանում են մոնղոլոիդ մարդաբանական տեսակին  /գլխարկի շրջագծով երկար գլուխ, ցցված այտոսկրեր, մուգ, շեղ աչքեր, ցածր քթարմատ, վերին կոպի զարգացած ծալք` էպիկանտուս, թուխ մաշկ, հաճախ դեղնավուն գույնի/: Բնակիչների  մահմեդականանալու հետ փոխվում էին նաև բնակավայրերի անունները: Այսպես.  Վարդանակերտը դառնում է Ջավադ, Փայտակարանը`  Սալյանի, Եւթնափորակեան բագինը`   Սուրախանի,  Ալեւանը`  Աւշառան,  Աղբերդը`  Աղդաշ,  Բագուն`  Բաքու   /Բագ=Բոգ, հմմ. Բագավան, Բագնայր, Բագայառիճ/  և այլն:

19-րդ դարի վերջերին Կուր գետից հարավ ընկած տարածքը` Գարդմանը և Արցախը շարունակում էին բնակեցված լինել հիմնականում  հայերով և Մ. Բարխուդարյանցը  կարևոր տեղեկություններ է հաղորդում Արցախի ու Գարդմանի  դեռևս հայաբնակ կամ մասամբ հայաբնակ գավառների ու բնակավայրերի, այդ թվում Գանձակ, Ելենենդորֆ /Խանլար/, Շամքոր, Ղազախ և այլ քաղաքների, ինչպես նաև Գետաշեն, Բանանց, Ոսկանապատ, Միրզիկ, Բրաջուր, Քարհատ, Կիրանց և տասնյակ այլ բնակավայրերի մասին:     Այնուամենայնիվ շատ գավառներ հայ  բնակիչներից դատարկվել էին: Դաշտային գավառների մեծ մասում  բնակվում են քոչվոր կյանք վարող  արաբ մահմեդականեր: Թաթարական ցեղերը  բնակվում են Զակամ գետակի հովիտներում, իսկ նոր մուտք գործած քրդական ցեղերը` Արցախի  Ծար, Վայկունիք, Հարճլանք և Բերդաձոր գավառներում:  Այդ ցեղերի մեծ մասը նույնպես վարում էր քոչվոր կյանք:

Ռուսական կայսրերի հակահայ քաղաքականությունը /թույլ չտալ հայերով բնակեցված տարածքների միավորում/ շարունակում են բոլշևիկյան ու խորհրդային ղեկավարները: Օգտվելով 1917 թ.  ռուսական հեղափոխությունից հետո ստեղծված իրադրությունից,  լավ մշակված ու հեռուն գնացող ծրագրեր ունեցող Թուրքիային, որի նպատակը  մեծ Թուրանի ստեղծումն էր, միջազգային գաղտնի կազմակերպությունների պարագլուխների /Տրոցկի, Զինովև, Կամենև, Էնվեր, Ջեմալ/ օժանդակությամբ հաջողվում է 1918 թ. մայիսին Այսրկովկասում ստեղծել Ադրբեջան անունով  նոր թուրքական պետություն:  Միջազգային գործակալ Լ. Տրոցկին բազմիցս արտահայտվել էր, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի հայերը պետք է զիջումներ անեն հօգուտ Թուրքիայի: Այդ մասին նա գրել է <Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում> բացահայտ հակահայկական հոդվածում, որը լույս է տեսել <Жизнь национальностей> թերթում  I92I թ. մարտի 4-ին:

1920 թ. ապրիլի  28-ին Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր: Խորհրդային հանրապետությունների սահմանները որոշվում են կամայականորեն: Մի դեպքում հաշվի էր առնվում տարածքի էթնիկ բնակչության բնակության սահմանը, այլ դեպքում` դրանք անտեսվում են: Այս կերպ հիմնականում  հայաբնակ Գարդմանը, Արցախը և Նախիջևանը հայտնվում են նորաստեղծ Ադրբեջան կոչվող թուրքական պետության կազմում: Այսպես այլ էթնոսների /հայեր, կովկասյան ցեղեր, իրանական ցեղեր/ հայրենիքում /Ձախափնյա Կուր, Աջափնյա Կուր` Գարդման,  Արցախ, Փայտակարան, Նախիջևան, նաև Դաղստանի հարավ-արևելյան մաս, Կասպից ծովի  հարավ-արևմտյան մասի ափամերձ շրջաններ/  ստեղծվում է Ադրբեջան անունով  պետություն, որի  անունը ևս իրեն չէր պատկանում: Ադրբեջան անունը, որ խորհրդային տարիներից ներկայացվում է իբր  <կրակի երկիր> իմաստն ունեցող անվանում,  Ատրպատական անվան աղավաղված ձևն է  /մեդացի զորավար Ատրոպատի անունից/: Իսկ  Ադրբեջան անունն ընտրվեց բոլշևիկյան պարագլուխների կողմից հեռահար նպատակով:  Նրանք ցանկություն ունեին արտահանել հեղափոխությունը հարևան երկրներ, այդ թվում Իրան, որի արդյունքում Իրանական Ադրբեջանը պետք է միացվեր նոր ստեղծված Խորհրդային Ադրբեջան պետությանը:  Այս պետության  ազգային կազմը նույնպես միատարր չէր:  Այն բաղկացած է մահմեդականացած կովկասյան ցեղերից /լփին-լահիճներ, լեգ-լեզգիներ, թավասպար-թաբասարանցիներ, գել-գիլյան, ուդի, ղեկ-ցախուրներ/,  մոնղոլ-թաթարներից, թուրք-սելջուկներից /թուրքմեններ/, արաբներից, իրանական ցեղերից /թալիշներ, թաթեր/, բռնի մահմեդականացած հայերից /նաև տասնյակ հազարավոր հայ կանանցից ծնված թուրք զավակներից/ և այդ տարածքում հայտնված այլ ցեղերի ու ժողովուրդների մահմեդականացած հետնորդներից, որոնք 19-րդ դարի վերջերից հայտնի էին թաթարներ ընդհանուր անունով:  1926 թ. համամիութենական մարդահամարի ժամանակ Անդրկովկասի թաթարներն ու թուրքերը գրանցվում են  <կովկասյան թաթարներ> անունով: 1936 թ. հետո միայն <կովկասյան թաթարները>  ընդունում են  ադրբեջանցի  անվանումը  և  ներկայանում այդ անունով:

Խորհրդային տարիներին Ադրբեջանի կառավարությունը տարբեր միջոցներով ստանալով խորհրդային գիտնականների` մասնավորապես արևելագետների ու պատմաբանների աջակցությունը, փորձում է գրել Ադրբեջանի պատմությունը,  ներկայացնելով այն իբր հին պատմություն ունեցող երկիր:  Սեփականացվում է Ադրբեջանի տարածքում երբևէ ստեղծված ողջ մշակույթը /հնագիտական իրեր,  ազգագրական նյութ, բանահյուսություն, հայտնի անհատներ/:  Իսկ քրիստոնեական մշակույթը /եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր/  որը հնարավոր չէր սեփականացնել, վերագրվում է ալբանական ցեղերին, որոնց ժառանգորդ ադրբեջանցիները իրենց են համարում:

Իսկ ովքե՞ր են ալբանացիները, ի՞նչ ծագում ունեն նրանք, ի՞նչ անուն ունեն. ալբան թե՞ աղվան, ի՞նչ տարածքում են ապրել, ի՞նչ մշակույթ են ստեղծել, այդ ո՞ր մշակույթն է այսօրվա ադրբեջանցին ալբանական համարում և այլն:  Սրանք այն հարցերն են, որոնք անմիջապես ծագում են, երբ ուսումնասիրվում են Ալբանիային /հունա-հռոմեական գրավոր աղբյուրներ/ ու Աղվանքին /հայկական գրավոր աղբյուրներ/ վերաբերող  գրավոր աղբյուրները: Բոլոր ուսումնասիրողները  նկատում են, որ միանշանակ հնարավոր չէ խոսելԱլբանիա անունով պետության ու ալբան ժողովրդի մասին: Կարծես թե կա Ալբանիա  կամ Աղվանք անունով թագավորություն /պետություն/, բայց չի երևում  ալբան կամ աղվան անունը կրող ժողովուրդը, չի երևում ինչ-որ էթնիկ ընդհանրություն:  Մինչդեռ անմիջապես նկատվում է, որ Աղվանքի   պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի, հայոց թագավորների ու կաթողիկոսների, հայոց ազնվական դասի ու ժողովրդի հետ:  Այդ է պատճառը, որ չտեսնելով ալբան կամ աղվան ժողովուրդ,  շատ ուսումնասիրողներ /Ն. Մառ, Գ. Կլապրոտ/  հույն ու հռոմեացի հեղինակների կողմից հիշատակված ալբաններին նույնացնում են ալանների հետ /Марр Н., Кавказские племенные названия и иx местные параллели, Петроград, 1922, Тревер К., Очерки…, с. 30/:  Ս. Երեմյանը կարծում է, որ  lbin-ը   alban-ի հնչյունափոխված ձևն է /Еремян С.,  М. Каланкатуйский о посольстве албанского княззя Вараз-Трдата…, Зап. ИВ. АН. СССР, т. VII, с. 148-149/:   Նույնիսկ Տրևերն է խոստովանում, որ հնարավոր չէ խոսել ալբանական որևէ էթնիկ խմբի  կամ էթնիկ ընդհանրության մասին, քանի  որ Ստրաբոնի հիշատակած  <26 լեզուները>  /Ստրաբոնը չի հիշատակում  ցեղ, ժողովուրդ, թագավորություն տերմինները/  խոսում են 26 տարբեր լեզուներով, որ  <նրանք ոչ ընդհանուր լեզու ունեն, ոչ  միասնական ցեղեր են, ոչ միասնական ժողովուրդ են,  ոչ էլ միասնական թագավորություն>  /Тревер К., Очерки…,  с.  59/:  Այնուհետև Տրևերը գրում է, որ հնարավոր չէ ճշգրտորեն որոշել ալբանների գլխավորությամբ ստեղծված միության ոչ անվանումը, ոչ էլ զբաղեցրած տարածքը, քանի որ շատ քիչ են լեզվաբանական,  ազգագրական և հնագիտական տեղեկությունները /Тревер К., Очерки…, с.  49/: Ի դեպ, պատմաբան  Բաքիխանովը /19-րդ  դարի 1-ին կես/ գրելով Ադրբեջանի պատմությունը, ուսումնասիրել է անտիկ հեղինակների վկայությունները, ուշադրություն դարձրել  տեղանուններին և փորձել պարզաբանել մի շարք հարցեր /ալբանական ցեղեր,  օտար նվաճողների դեմ նրանց պայքարը, Ալբանիա անվան ծագումը/: Քննության առնելով Ալբանիայի պատմական աշխարհագրության ու տեղանունների հարցերը, Բաքիխանովը հնագույն Ալբանիան տեսնում է Շիրվանի և Դաղստանի տարածքներում /Абас-Кули-ага /Кудси/  Бакиxанов, Гюлистан-Ирам…. Баку, 1926: Очерки истории исторической  науки в СССР, т. 1, с. 641, աշխատությունը նախ գրվել է պարսկերեն, ապա` հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Тревер К., Очерки…, с. 26/

Իսկ ի՞նչ փաստերի, եզրակացությունների ու հետևությունների  հիման վրա են  որոշ ադրբեջանցիներ  /նաև դաղստանցիներ/ հայտարարում, որ Արցախը, Գարդման-Ուտիքը, անգամ Սյունիքը ալբանական տարածքներ են:   Հարցի պատասխանը կապվում է դեռևս 20-րդ դարի սկզբից շրջանառության մեջ դրված Ստրաբոնի ՙուրիշներից լսած՚ այն տեղեկության հետ, որի համաձայն ՙպատմում են, որ հայոց Արտաշես 1-ն  արքան  հողեր է նվաճել շրջակա ազգերից՚ /Ստրաբոն, XI, 14, 5/: Այս տեսակետը, նաև Ալբանիա-Աղվանքին վերաբերող այլ հարցեր նոր զարգացում ստացան խորհրդային պատմագրության մեջ, որտեղ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պատմությունների  ու մշակույթների հավասարեցման, համահարթեցման փորձ էր արվում: Այդ քաղաքականությունից ամենից շատ տուժում էր հին, հարուստ պատմություն ու մեծ մշակույթ ունեցող  հայ  ժողովուրդը, որի մի հատվածը` Աղվանքը /Գարդման-Ուտիք, Արցախ, նաև Փայտակարան/ նորից պոկվել էր Հայաստանից ու կցվել թուրքական Ադրբեջան պետությանը:  Հրատարակվում են Բ. Ռիբակովի /<Кризис рабовладельческой системы и зарождение системы феодализма на территории СССР> III-IX вв., М., 1958, Очерки истории СССР/,    Կ. Տրևերի   /Тревер К., Очерки по истории и культуре Кавказской Албании,   IV век до н.э. -VII век н.э., М-Л, 1959/  Վ. Մինորսկու  /<История Ширвана и Дербенда X-XI веков, М., 1963>/  և այլ հեղինակների  աշխատությունները, որոնցում հեղինակները հիմք ընդունելով  Ստրաբոնի հաղորդած  տեղեկությունը, եզրակացնում են, որ Աջափնյա Կուրը /Գարդման-Ուտիքը, Արցախը/  Հայաստանին է միացվել Արտաշես 1-ի  /մ.թ.ա. 189-160 թթ./ ժամանակ,  որից հետո իբր բնակիչները հայացել են:  Անդրադառնանաք  միայն մեկ գրքի` Կ. Տրևերի հայտնի <Очерки по истории и культуре Кавказской Албании,   IV век до н.э. -VII век н.э…>  աշխատությանը:  Ալբանիայի  մասին  այդ աշխատանքը  տալիս է հարցի պատասխանը: Այդ աշխատության մեջ ևս, ինչպես մյուս դեպքերում,  մեղմ ասած ոչ ճիշտ են մեկնաբանված մի շարք հարցեր, այդ թվում. հնագույն  Հայաստանի սահմանների մասին /Արտաշես 1-ի ժամանակ/, ալբանական թագավորության ստեղծման  պատճառների մասին,  Սյունիք-Սիսական նահանգի մասին, Մ. Կաղանկատվացու ազգային պատկանելության մասին  և այլն:  Նշենք, որ Ստրաբոնի վերոհիշյալ վկայության մեջ խոսք չկա  Արցախի, Գարդման-Ուտիքի կամ Շակաշենի մասին:  Ստրաբոնը նույն տեղում նաև նշում է, որ Արտաշես 1-ի   միավորած տարածքներում   <բոլորը միալեզու են>, այն է.  բոլոր բնակիչները խոսում են հայերեն: Հիշենք նաև, որ Արտաշեսը 1-ը   Հայոց Արեւելյան Կողմի ավագանու ներկայացուցիչներից էր, իր ռազմական գործողությունները նա սկսում է Ուտիքում գտնվող Երվանդ 4-ի դեմ, ընդ որում նրան օգնում են Ուտեացոց նախարարներն ու այնտեղ գտնվող զորքը / Մ. Խորենացի,  գիրք II, գլ. խդ/:

Առաջ քաշվող և իրենց մատուցվող այս տեսակետների ու  ենթադրությունների  հիման վրա ադրբեջանցի ուսումնասիրողները իրենց պատկերացրած  Ալբանիա պետության  սահմանների մեջ են ներառում Արցախն ու Գարդման-Ուտիքը, խոսում  Սևանա  լճի և  Սյունիքի մասին: Մինչդեռ հայ պատմիչների աշխատությունների, ինչպես նաև ստեղծված քաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը /Հայաստանի առաջին և երկրորդ բաժանումները, Կովկասի լեռնականների ու այլ քոչվոր ցեղերի կրկնվող արշավանքների դեմ պայքարի անհրաժեշտությունը/  թույլ է  տալիս ասել, որ պատմիչների աշխատություններում ներկայացված է IV դարում  /385 թ. հետո/ Հայաստանից պոկված տարածքներում ստեղծված  հայկական ծայրամասային մի թագավորության` (510 թ. /կամ 523/  հետո` մարզպանության)  Աղվանքի պատմությունը, որն ունի հայ բնակչություն ու քրիստոնեական հավատք, որը հոգևոր, մշակութային, տնտեսական և այլ առումներով սերտորեն կապված է Հայաստանի հետ: Նրա առաջնորդները` թագավորներն ու կաթողիկոսները կապված են Հայաստանի, հայ թագավորների ու հայոց կաթողիկոսների հետ, մշտապես խորհրդակցում են նրանց հետ, ամուր բարեկամական կապեր  ունեն և հաճախ են միասին պայքարում կովկասյան լեռնականների,    պարբերաբար հայտնվող զանազան քոչվոր ցեղերի  ու պարսից արքունիքի  դեմ:

Հույն և հռոմեացի պատմիչների վերը հիշատակած ցեղերի մասին վկայությունները վերաբերում են կովկասյան ցեղերին,  որոնք ապրում են Կովկասյան լեռների ճյուղավորումներում, լեռներում և կիրճերում:  Ինչպես նկատում ենք,  չկա ընդհանուր էթնոս, լեզու, տարածք, մշակույթ: Այդ ցեղերը խոսում են տարբեր լեզուներով, գտնվում են զարգացման տարբեր մակարդակների վրա, որոնք լավագույն դեպքում կարող էին միավորվել որևէ արտաքին վտանգի` տվյալ դեպքում հռոմեացիների ներխուժումների դեմ պայքարելու /ինչպես Օրոյսի կամ Զոբերի դեպքերում է/ կամ թալանչիական, ավարառուական արշավանքներ կազմակերպելու համար, ինչի վկայությունները բազմաթիվ են: Ուստի հենվել հույն ու հռոմեացի հեղինակների  միջնորդավորված տեղեկությունների վրա և ասել, որ մ.թ.ա. I դարի կեսին  Ձախափնյա Կուրի տարածքում 26 տարբեր լեզուներով խոսող ցեղերի միավորմամբ կազմավորվել է Ալբանիա պետությունը, միայն ենթադրություն է, որը  հիմնավորված չէ այլ փաստերով ու վկայություններով, քանի որ մինչև մ.թ. IV դար  հունա-հռոմեական գրավոր աղբյուրներում  կցկտուր տեղեկություններ կան կասպ-կազբերի, ալբանների ու այլ ցեղերի մասին, կապված հռոմեա-պարթևական պատերազմների, հայ-հռոմեական ու հայ-պարթևական հարաբերությունների հետ:   Հետագա տեղեկությունները Աղվանքի մասին հիմնականում ստանում ենք հայ պատմիչների /Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Մովսես Կաղանկատվացի, <Աշխարհացույց>/ ու հայկական գրավոր աղբյուրների միջոցով, որոնք վկայում են, որ Ձախափնյա Կուրի հյուսիս-արևելյան մասում` մերձկասպյան    շրջանում IV դարի սկզբին կազմավորվել է մասքութների թագավորությունը /Մասքութք/, պարթև Արշակունիների գլխավորությամբ:  Այնուհետև հայ պատմիչները  վկայում են Աղվանքի թագավորության, նրա հայազն Առանշահիկ թագավորների, ապա Աղվանք մարզպանության կազմավորման /510 թ./ և այլ հարցերի մասին:   Մասքութների թագավորությունը  որոշ ուսումնասիրողներ ներկայացնում են որպես Աղվանքի թագավորություն, ինչը ճիշտ չէ, քանի որ մասքութները իրանալեզու  ցեղեր են, ապրել են Կասպից ծովի և Կովկասյան լեռների միջև ընկած  տարածքում:

Հույն, հռոմեացի և հայ պատմիչների վերը հիշատակված ցեղերի մեծ մասը`  աղուատականները  /այժմ ախտի/,  ղեկերը   /այժմ ցախուրներ/, թավասպարները  /այժմ թաբասարանցիներ/,  լեկերը  /այժմ լեզգիներ/,  լփնիները  /այժմ լահիճներ/,  դիդոյները  /Դիդոեթի/  և այլոք արաբական տիրապետության ժամանակ և ավելի ուշ  ընդունեցին  իսլամ և այսօր էլ ապրում են իրենց նախնական բնակության վայրերում` Կովկասյան լեռների հարավային ճյուղավորումների և Կասպից ծովի միջև ընկած տարածքներում` Դաղստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Նորից նշենք,  կովկասյան այդ ցեղերը  կապ չունեն Աղվանքի  թագավորության  հետ, որը կազմավորվել էր Հայաստանից պոկված, Հայոց Արեւելյան Կողմի հայաբնակ տարածքներում` Կուր գետի Աջափնյա ու Ձախափնյա մասերում, Հայաստանը, Պարսկաստանը և Այսրկովկասի այլ տարածքներ Կովկասի լեռնականներից ու քոչվոր ցեղերի հարձակումներից պաշտպանելու համար /Պարսկաստանի և Բյուզանդիայի հովանավորությամբ Աղվանքին բուֆերային պետության դեր էր վերապահված/:  510 թ. /523/ Աղվանից թագավորության վերացումից հետո երկիրը սկսել են  կառավարել  պարսիկ մարզպանները: Կազմավորված Աղվանք մարզպանությունն ուժեղացնելու նպատակով նրան են միացվել Ձախափնյա Կուրի մի շարք երկրամասեր` Բազկանը, Խորուանը, Շրուանը, Չողան, ինչպես նաև Ղեկաց և Թավասպարների ազգագավառները ու Դարբանդ /Դերբենդ/ քաղաքն իր ամրություններով: Դա Աղվանք մարզպանության ամենամեծ տարածքային  ընդգրկումն էր /ըստ <Աշխարհացույցի> 72.204 կմ2 տարածք, Տրևերի վերոհիշյալ գրքի 42 աղյուսակում  Աղվանքը ներկայացված է այդ սահմաններով/:  Հավանաբար ի նկատի ունենալով այս  վերջին`  Աղվանք մարզպանությանը միացված այսօրվա Դաղստանի տարածքում գտնվող Թավասպարների ու Ղեկերի ազգագավառները և Դերբենդը,  լեզգիները ևս  խոսում են իրենց  ալբանական մշակույթի ժառանգորդներ լինելու մասին:

Ալբանիա և Աղվանք անունների ծագման մասին կան տարբեր բացատրություններ: Վերևում նշվել է, որ Խորենացին Աղվանք անունը կապում է հայոց նահապետ Հայկից սերված Սիսակի աղու /=քաղցր/   բնավորության հետ, որից էլ  առաջացել է երկրամասի Աղվանք անունը: Հայկական գրավոր աղբյուրների Աղվանք և հունա-հռոմեական գրավոր աղբյուրների Ալբանիա անունները   արտաքուստ կարծես  նման չեն, սակայն մի քիչ ուշադիր լինելու դեպքում, նկատում ենք, որ կան նմանություններ: Հայտնի է, որ օտարները չկարողանալով արտասանել որևէ անուն, այն հնչյունափոխության են ենթարկում, հարմարեցնելով իրենց լեզվին: Կարելի է մտածել, որ այս դեպում ևս գործել է այդ տարբերակը և հայկական Աղվանք  /Ալվանք/ անունը հույներն ու հռոմեացիները հնչեցրել են Ալբանիա ձևով  /տեղի են ունեցել ղ-լ,  վ-բ հնչյունափոխությունները/:

Հայոց Արեւելյան Կողմի այս երկրամասի համար բացի Ալբանիա և Աղվանք անուններից օգտագործվում է նաև Բուն Աղվանք, Կովկասյան Աղվանք, Հայոց Աղվանք անունները: Անունների այս բազմազանությունը  /նաև խառնաշփոթը/ ստեղծվել է   մարզպանության շրջանում /510 թ. հետո/, երբ Հայաստանի առաջին /385 թ./ ու երկրորդ /591թ./ բաժանումներից հետո, ինչպես վերևում նշվեց,  Հայաստանից պոկված ու Պարսկաստանին անցած հայաբնակ  Աղվանքին  են միացվել կովկասյան  ցեղերով բնակեցված գավառներ /Թավասպարք, Մասքութք, Չողա, Ղեկք, Դարբանդ/: Իսկ ուդիների  /udini, uiti/ և գարգարացիների  ներկայությունը Աղվանքում ենթադրում է, որ նրանք /ցեղի մի մասը/ իրենց նախնական բնակության վայրերից` Կովկասյան լեռներից /գարգարներ/ և Կասպից ծովի ու ծովափնյա լեռների միջև ընկած տարածքից /ուդիներ/ իջել են հայերով բնակեցված Կուրի բարեբեր հարթավայր /ենթադրվում է  նեղվելով ալաններից/, որտեղ Մեսրոպ Մաշտոցը V դարում գիր է ստեղծել գարգարացիների համար: Ի դեպ կա տեսակետ /Ա. Հակոբյան/, որ գարգարացի անվանումը քամահրական անվանում է, որը տրվել է Կուրի ձախ ափին հայտնված հյուսիսային վայրի ցեղերին Մովսես Խորենացու կողմից /А. Акопян, Албания-Алуанк в греко-латинскиx и древнеармянскиx источникаx, Е., 1987, с. 72-74/: Իսկ ուդիները  հայտնվելով հայկական միջավայրում, ընդունել են քրիստոնեություն, այնուհետև կիսել են հայերի ճակատագիրը` մահմեդականացել են, գաղթել կամ ոչնչացել /խորհրդային տարիներին  նրանց մի փոքր մասը  ապրում էր  Նուխիի  /այժմ Շաքի/ շրջանի Նիժ և Վարդաշեն գյուղերում/:

Այսպիսով  կարելի է ասել, որ Աղվանքը /Ալբանիա/ տարածքի, երկրամասի /Աջափնյա Կուր, Ձախափնյա Կուր, Գարդման, Ուտիք, Արցախ/  անվանում է և ոչ էթնոնիմ, իսկ նրա բնակիչները  հայ-արմեններ են,  որոնք իրենց այլ կերպ  չեն կոչել ու չեն կոչում:

Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Գարդմանը  տրոհվել է մի քանի շրջանների` Դաշկեսանի, Խանլարի, Ղազախի, Շամխորի, Գետաբեկի, Թոուզի, Կասում-Իսմայիլովի /Գյորանի/  և Շահումյանի: Խորհրդային Ադրբեջանի բոլոր կառավարությունների ցանկությունը մեկն էր. ստեղծել միատարր թուրքական պետություն: Սակայն դա դժվար իրագործելի էր հայերի դեպքում, որոնք հազարամյակներ շարունակ ապրել ու  ապրում էին նախնիների հողում, ստեղծել էին մեծ մշակույթ և հոգևոր կապերով կապված էին Հայաստանի հետ: Այդ է պատճառը, որ իր ստեղծման առաջին օրերից Ադրբեջանի կառավարությունը  վարում էր հակահայ քաղաքականություն:  Օգտագործելով տնտեսական, մշակութային և կրթության հարցերը, նաև բռնությունն ու շանտաժը Ադրբեջանի ղեկավարները հայերին իրենց բնօրրանից դուրս մղելու քաղաքականություն էին վարում: Բարձրակոչ լոզունգներով նրանք իրենց երկիրը  հռչակում են ԽՍՀՄ ամենաինտերնացիոնալ երկիրը, ուր իբր համերաշխորեն ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` ռուսներ, հայեր, հրեաներ, ուկրաինացիներ, դաղստանցիներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Ցավոք, չհանդիպելով Խորհրդային Հայաստանի և ԽՍՀՄ կառավարությունների հակազդեցությանը  Ադրբեջանի կառավարությանը հաջողվում է իրագործել իր ծրագիրը:    Դարասկզբի պատմությունը կրկնվեց 1988-1990 թթ., երբ կոմունիստական վարչակարգը փրկելու համար, խորհրդային իշխանությունների թույլտվությամբ հայկական ջարդեր են կազմակերպվում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ վայրերում: Գարդմանահայությունը, որը 18-րդ դարից մեծ հույսով սպասում էր հավատակից քրիստոնյա ռուսներին, իր ազատագրական պայքարի հաջողությունը կապելով նրանց  գալստյան հետ,  գարդմանահայությունը, որն այնքան շատ բան էր արել ռուսական զենքի հաջողությունն Այսրկովկասում ամրապնդելու համար,  մոտ 200 տարի հետո նույն ռուսական զինուժի օգնությամբ 1988 -1992 թթ դուրս մղվեց իր բնօրրանից ու սփռվեց աշխարհում: Արցախը օգտվելով ինքնավարություն ունենալու իր կարգավիճակից, կարողացավ հաղթել իրեն պարտադրված  պատերազմում և ազատագրվեց  թուրքական  տիրապետությունից:   Սակայն հաղթանակը լիակատար  չէ, քանի որ հայոց Աղվանից աշխարհի մեծ մասը, այդ թվում Գարդմանը  հայոց այլ աշխարհների նման դեռևս գերության մեջ է: Հպարտ ու հերոս գարդմանցին չի կարող հաշտվել այսօր գոյություն ունեցող իրողության հետ:  Հավատացած ենք, կգա օրը, Գարդման աշխարհում նորից կհյուսվեն  հայկական գորգեր,  կկառուցվեն  տաճարներ ու խաչքարեր, իսկ բնակավայրերում   պեղումներ կկատարեն հայ հնագետները, որոնք  հպարտությամբ աշխարհին կներկայցնեն իրենց նախնիների կողմից  ստեղծված բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը:

Անժելա  Տերյան

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

%d bloggers like this: