Հայոց հնագույն Կիլիկիան


Հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում հաճախ է հնչում այն միտքը, որ  հայերը Հայաստանից դուրս   կարողացել են  ստեղծել Կիլիկիայի հայկական պետությունը: Մինչդեռ     հնագույն  գրավոր աղբյուրներն ու  հնագիտական    նյութերը վկայում են, որ Կիլիկիան   Հայաստանի  անբաժան մասն է եղել:

Կիլիկիան աշխարհագրորեն դուրս է Հայկական լեռնաշխարհից, բայց ոչ հնագույն Հայաստանի սահմաններից: Կիլիկիան Հայկական լեռնաշխարհի շարունակությունն է դեպի հարավ-արևմուտք  և մշտապես գտնվել է հայկական մշակութային արեալում: Այս առումով Կիլիկիայի պատմությունը Հայաստանի պատմության անբաժանելի մասն է:   Յուրաքանչյուր հայ Կիլիկիան ու նրա պատմությունը սիրելի ու հարազատ է համարում: Եվ անմիջապես առաջանում են մի շարք հարցեր. արդյո՞ք պատահական էր հայության սերն ու նվիրվածությունը Կիլիկիային միջնադարում, արդյո՞ք պատահական էր հայկական թագավորության ստեղծումը Կիլիկիայում 1080թ., արդյո՞ք Կիլիկիայում հայկական առանձին պետության ստեղծման նախադեպ եղել է նախկինում և այլն: Անդրադառնանք այս հարցերին

Կիլիկիայի պատմությամբ զբաղվող գիտնականները հիմնականում ուշադրություն են դարձրել Կիլիկյան հայկական թագավորության ստեղծման պատմությանը և անտեսել կամ հարևանցիորեն են անդրադարձել հնագույն շրջանին: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  շատ կարևոր է Կիլիկիայի պատմության հատկապես հնագույն շրջանը: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական ու հոգևոր մշակութային արժեքները վկայում են, որ Կիլիկիան ու նրա պատմությունը հնագույն ժամանակներից սերտորեն կապված են եղել Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի հետ: Անդրադառնանք վերը հնչեցված հարցերին և փորձենք նորովի պատասխանել ինչպես այդ, այնպես էլ մի շարք այլ հարցերի:

Կիլիկիան Առաջավոր Ասիայի հնագույն երկրներից է, ուր ստեղծված մշակույթը հնագույն քաղաքակրթության անբաժանելի մասն է: Այստեղ հայտնաբերված մշակութային արժեքների (նյութական, հոգևոր) հետքերը հասնում են մ.թ.ա. 6–5-րդ հազարամյակներ:

Կիլիկիան հիմնականում բաժանվում է երկու մասի՝ Դաշտային (հարավարևելյան) և Լեռնային (հյուսիսարևելյան, կա նաև ծովային Կիլիկիա): Ղ. Ալիշանը Լեռնային Կիլիկիան անվանում է <Գահ Կիլիկիո>¹: Երկրի հարավ-արևելքում գտնվող Ամանոսյան լեռնաշղթայով Կիլիկիան բաժանվում է Ասորիքից: Կիլիկյան Տավրոսի, Անտիտավրոսի և Ամանոսի լեռնաշղթաներով երեք կողմից շրջապատված Կիլիկիան հարավից ողողվում է Միջերկրական ծովի ջրերով:

Լեռնային Կիլիկիայի լեռնաշղթաները, որոնց գագաթները հաճախ հասնում են 3500 մետրի, և այնտեղ կառուցված բազմաթիվ ամրոցներն ու բերդերը (11-րդ դարում դրանց թիվը ավելի քան 100 էր, այդ թվում Լամբրոնը, Վահկան) հանդիսացել են բնական (լեռներ) ու արհեստական (բերդեր) պաշտպանական ամրություններ, որոնք պաշտպանել են Կիլիկիան թշնամական հարձակումներից:

Առաջավոր Ասիայի հնագույն գրավոր աղբյուրները (խեթական, խուրրիական) վկայում են, որ մ.թ.ա. 3–2-րդ հազարամյակներում Կիլիկիան (Կիցվատնա, Կիցցուվատնա) բնակեցված էր խուրրիներով (հիշենք, որ Հայկական լեռնաշխարհի բնիկների համար օգտագործվող հնագույն գրավոր աղբյուրների հս-սr սեպախումբը ուսումնասիրողները ընթերցում են խուր ձևով):

Աքադի թագավոր Նարամ Սուենը (մ.թ.ա. 21-րդ դար) իր արձանագրություններից մեկում գրում է՝ <նվաճողը Սուբարուի մինչև անտառը մայրիների> այն է. Փյունիկիա, Լիբանան և Կիլիկիա: Ինչպես տեսնում ենք, Սուբարուն տարածվում էր Աքադից մինչև Փյունիկիա ու Կիլիկիա: Ընդունված է, որ Սուբարուի բնակիչները խուրրիներն էին (Սուբարուն կամ Սուբիրը աշխարհագրական անվանում է և ոչ էթնոնիմ): Հետևաբար Նարամ-Սուենի արձանագրությունը վկայում է, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին Զագրոսից մինչև Կիլիկիա ընկած տարածքները (ներառյալ Հայկական լեռնաշխարհը) բնակեցված էին խուրրիներով՝ հայ-արմեններով:

Ուսումնասիրողները (Ջ. Պարչ, Է.Մարկվարտ, Հ.Մանանդյան) Կիցվատնա-Կիլիկիան համարում են արիական հնագույն տարածք²: Նրանք Հոմերոսի <Իլիականում>³ հիշատակված հրաբուխների երկիրը՝ Արիմայսը տեղադրում են Կիլիկիայի Արգեոս (այժմ Էրջիաս) լեռան շրջակայքում, իսկ այնտեղ ապրող արիմներին նույնացնում են արմենների (արիներ) հետ: Հիշենք, որ Պլատոնի հերոսներից մեկը՝ Էր Արմենիոսը ևս Կիլիկիայից էր (Պամփուլիա)4:

19-20-րդ դարերում Կիլիկիայում (Մերսին, Տարսուս) կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ Կիլիկիան քաղաքակրթության ստեղծման հնագույն տարածքներից է: Մերսինում և Տարսուսում (Տարսոս, Տարսոն, Տարսիս) կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքները թվագրվում են մ.թ.ա. 6–5-րդ հազարամյակներով: Մ.թ.ա. 6-րդ հազարամյակով թվագրվող նեոլիթյան լավ ուսումնասիրված հուշարձան է Մերսինի Յումուկ-թեփե հնավայրը:

Այս հնավայրի մշակութային շերտերը ունեն մոտ 25 մետր հաստություն5: Բլուրը ունի 32-33 մշակութային շերտ, որից  8-9 (մոտ 10 մետր) թվագրվում են նեոլիթյան ժամանակաշրջանով: Այս ժամանակաշրջանով թվագրվող նյութերը նման են Արարատյան դաշտավայրի նեոլիթյան Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր և այլ հուշարձաններից հայտնաբերված նյութերին: Հայտնաբերվել են քարե, հիմնականում օբսիդիանից պատրաստված աշխատանքային և կենցաղային գործիքներ, մանգաղի ներդիրներ, նետերի սլաքներ, ոսկորից պատրաստված հերուններ, ասեղներ և այլն: Հայտնաբերվել է և՛ հասարակ (գորշ, հարդի խառնուրդով), և´ լավ որակի (փայլեցված, սև, կարմիր) խեցեղեն, որոնք ոչ բարդ նախշազարդեր ունեն6 (1-2 շարք գծիկներ, եղունգադրոշմ, ոլորապտույտ գծեր, կլոր կամ ձվաձև ներս ճկված նախշեր, սանրաձև դրոշմներ): Հանդիպում են խեցեղենի այնպիսի նմուշներ, որոնք ունեն կպցված կանթեր: Այդպիսիք հանդիպում են նաև Մաշտոցի բլուրի նեոլիթյան նմուշներում: Մերսինը նեոլիթյան նստակյաց հողագործական-անասնապահական մեծ համայնքի բնակավայր է եղել՝ զարգացած տնտեսությամբ և մշակույթով7: Վաղ Մերսինի մշակույթ է հայտնաբերվել նաև Յումուկ-թեփեից ոչ հեռու (մոտ 20 կմ) գտնվող Կիլիկիայի մեկ այլ հնավայրում՝ Տարսուսում: Տարսուսը իր հերթին ընդհանրություններ ունի Հայկական լեռնաշխարհի նեոլիթյան Բառոժ, Զաղա բնակավայրերի հետ: Մերսինը և Տարսուսը Հայկական լեռնաշխարհի մյուս հնագույն բնակավայրերի (Շենգավիթ, Քյուլ-թափա, Շրեշ բլուր, Կղզյակ բլուր, Մոխրաբլուր) նման ունեն նաև նեոլիթին հաջորդող էնեոլիթյան (պղնձի քարեդարյան) մշակույթ, որի բնորոշ հատկանիշը սև, փայլեցված խեցին է՝ զարդարված երկրաչափական նախշերով:

Մերսինը որպես բնակավայր շարունակել է իր գոյությունը նաև հետագա ժամանակաշրջանում: Հնավայրի 25-րդ վերին հորիզոնում հայտնաբերվել է գունազարդ խեցի՝ գորշ գույնի վրա պատկերված են կարմիր գույնի նախշեր: Այս գտածոները թվագրվում են վաղ էնեոլիթի ժամանակաշրջանով (մ.թ.ա. 4-րդ հազ.): Այս տիպի խեցի հայտնաբերվել է նաև Հյուսիսային Միջագետքի Հասունա բնակավայրից8, Արարատյան դաշտավայրի Կղզյակ բլուրի 2-րդ շերտից, Ասորիքի Ռաս-Շամրայի 4-րդ շերտից և այլն: Տարսուսում ևս հայտնաբերվել է գունազարդ խեցի, որը թվագրվում է ուշ էնեոլիթի ժամանակաշրջանով9: Նշենք, որ Առաջավոր Ասիայի նշանավոր ու լավ ուսումնասիրված նեոլիթյան շատ հնավայրեր, այդ թվում Չաթալ-հույուքը, Ալան-հույուքը, Ամուկի հովտի հնավայրերը և այլ հուշարձաններ գտնվում են Կիլիկիայի հարևանությամբ:

Հայկական լեռնաշխարհի նեոլիթյան (մ.թ.ա. 6–5-րդ հազարամյակներ), էնեոլիթյան (4-րդ հազարամյակ) խեցեղենի և Կիլիկիայի (Մերսին, Տարսուս), Ասորիքի ու Պաղեստինի (Քիրբեթ-Քերակ) մշակութային նմանություններն ու կապերը ակնհայտ են10: Իսկ մշակութային ընդհանրությունները թույլ են տալիս ասելու, որ նույնն է նաև այդ մշակույթները ստեղծող ու տարածող էթնիկ տարրը, այս դեպքում Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ հայ-արմենները (հայ-արիները):

Կիլիկիայի մասին հնագույն գրավոր աղբյուրները քիչ են, իսկ եղածներն էլ խոսում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսերի իրադարձությունների մասին: Գրավոր աղբյուրներում երկրի անունը ընթերցվում է Կիցվատնա (Կիցցուվատնա): Կիցվատնա-Կիլիկիան ընդգրկում էր անտիկ Կիլիկիան և այժմյան Ադանայի շրջակայքը, տարածվելով Ջեյհան և Սեյխան (հուն. Պիրամոս և Սարոս) գետերի ափերով մինչև Կապադովկիա (ներառյալ): Հոգևոր կենտրոնը Կումմանեն էր (հռոմեացիների ժամանակ Կոմանա): Հայտնի չէ, երբ է ստեղծվել անկախ Կիցցուվատնա պետությունը: Հնարավոր է, որ ստեղծվել է խուրրիների Խաթթի ներխուժումից հետո՝ մոտավորապես մ.թ.ա. 1510թ., Խաթթի թագավոր Խանտիլիսի ժամանակ: Մոտավորապես մ.թ.ա. 1480թ. Ադանի (Ադանա) քաղաքը (երկիրը) մասնակցել է խեթական թագավոր Ամմունասի դեմ ստեղծված դաշինքին11: Կիցվատնայի ինքնուրույնությունը ընդգծվում է նաև հետագա ժամանակաշրջանում: Այսպես. Իշպուտախշու թագավորը (մոտ. մ.թ.ա. 1460թ.), որի կնիքը հայտնաբերվել է Տարսուս քաղաքի պեղումների ժամանակ, հավակնում էր մեծ թագավորի տիտղոսի: Իշպուտախշուն նաև պայմանագիր է կնքել Խաթթիի թագավորի հետ: Այդպիսի պայմանագրեր կնքել են նաև այլ թագավորներ՝ Էխեյը և Պատտատիշշուն:

Խաթթիի թագավոր Մուրսիլիս 2-րդի (1345-1320) հաջորդի` Ցիդանտեսի ժամանակ Կիցվատնայի թագավոր Պիլլիան խեթական թագավորի հետ պայմանագիր է կնքել պատերազմը դադարեցնելու մասին: Այդ պայմանագրից (նաև ավելի ուշ կնքված այլ պայմանագրերից) հայտնի է դառնում, որ Կիցվատնան Խաթթիի վասալը չէր սովորական իմաստով և երկու կողմն էլ ուշադրություն էին դարձնում ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Գրավոր աղբյուրները վկայում են, որ Կիլիկիա-Կիցվատնան մ.թ.ա. 3–2-րդ հազարամյակներում հիմնականում խուրրիաբնակ է եղել: Ընդունված է, որ այս տարածքից են խուրրիական բարքերը, սովորույթները, աստվածների պաշտամունքները և մշակութային այլ արժեքներ մուտք գործել Խաթթի ու խեթական արքունիք:

Նոր խեթական թագավորության (1450-1175) առաջին արքայատոհմի թագավորները ունեն խուրրիական անուններ: Սակայն նրանք ունեն նաև գահակալական անուններ, որոնք խեթական են: Այսպես. Մուվատալլիի խուրրիական անունը Tešub է, Մուրսիլիսինը՝ Urhi Teššob, Թութհալիա 3-րդինը՝ Sarruma12 և այլն: Ենթադրվում է, որ Նոր խեթական թագավորության այս արքայատոհմը սերում էր Կիլիկիա-Կիցվատնայից: Խեթական թագավոր Խաթթուսիլիս 3-րդի (13-րդ դար) կինը Կիցվատնայի գլխավոր քուրմի աղջիկն էր՝ Պուդո Հեպան, որը ազդեցիկ tawannas էր արքունիքում13: Արնուվանդաս 1-ինի ժամանակ (մոտ. մ.թ.ա. 13-րդ դարի սկիզբ) Կիցվատնան հիշատակվում է որպես հատուկ տարածքային միավոր, բայց նաև որպես երկրի մաս: Արնուվանդասի օրոք նկատվում է Կիցվատնայի հոգևոր ու մշակութային ուժեղ ազդեցությունը Խաթթիի վրա: Փոխառվում են խուրրիական հարուստ ծիսական ավանդույթները, աստվածների պաշտամունքը, կենցաղը, սովորույթները և այլն:

Կիլիկիա-Կիցվատնայում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթը կապվում է Հայկական լեռնաշխարհի և շրջակա տարածքների հետ: Այս տարածքները ոչ միայն Հայկական լեռնաշխարհում ստեղծված պետական կազմավորումների մշակութային ու տնտեսական ազդեցության ոլորտում են միշտ գտնվել, այլև հանդիսացել են Հայկական լեռնաշխարհում ստեղծված հզոր պետությունների՝ այս դեպքում Միտանիի (Խուրրի-Միտանի) անբաժանելի մասը և վարչականորեն ենթարկվել են կենտրոնական իշխանությանը՝ ունենալով իրենց կառավարիչները (արքայիկները): Գրավոր աղբյուրները վկայում են, որ ժամանակ առ ժամանակ Կիցվատնան ենթարկվել է նաև Խաթթիի թագավորներին (Թուրխալիաս, Արնուվանդաս I, Սուպիլուլիումաս I), երբ խեթերը հաջողություն են ունեցել իրենց ռազմական արշավանքների ժամանակ:

Մ.թ.ա. 14-րդ դարի սկզբներին Խաթթիում գահ է բարձրացել եռանդուն ու համարձակ Սուպիլուլիումաս 1-ինը (1380-1346), որն իր երկիրը ընդարձակելու և Ասորիքին, Սիրիային ու Միջ­երկրական ծովի ափերին տիրելու մեծ ցանկություն ուներ: Սակայն այդ տարածքները գտնվում էին Միտանի պետության ենթակայության տակ: Սկսվում է պայքար Խաթթիի ու Միտանիի միջև: Գահակալական գժտությունների և բանսարկությունների միջոցով Սուպիլուլիումասին հաջողվում է հաղթել Միտանիին: Երկիրը տրոհվում և բաժան-բաժան է արվում Խաթթիի, Բաբելոնի ու Աշշուրի (ապագա Ասորեստան) միջև: Միտանիի պարտությունից հետո Կիցվատնան հայտնվում է մեկուսացման մեջ: Սակայն շատ մեծ էր Կիցվատնա-Կիլիկիայի ազդեցությունը խեթական արքունիքում և Սուպիլուլիումաս 1-ինը առանձին վերաբերմունք է ցուցաբերում Կիցվատնայի հանդեպ: Նա պայմանագիր է կնքում Կիցվատնայի թագավոր Սունասսուրասի հետ: Պայմանագրով Կիցվատնային տրվել է կիսանկախ վիճակ, իսկ թագավորը ենթարկվել է Խաթթիին: Նա պարտավորվել է պատերազմի ժամանակ Խաթթիի թագավորին տրամադրել 100 մարտակառք և 1000 հետևակ զինվոր: Պայմանագրի տեքստում Սուպիլուլիումասը գրում է  <Խուրրիները Սունասսուրասին ստրուկ էին անվանում, իսկ իմ Արևը (Նոր խեթական թագավորության արքաների տիտղոսը) նրան դարձրեց օրինական թագավոր>14: Այս արձանագրության մեջ չափազանցություն կա, Սունասսուրասը15 ստրուկ չէր կարող լինել իր երկրում: Նա պարզապես Միտանիի կողմից նշանակված (կամ ընտրված) տեղական առաջնորդ էր և ենթարկվում էր կենտրոնական իշխանությանը՝ Միտանիի արքային: Սուպիլուլիումասը իբր բարձրացնելով Սունասսուրասին և թագավոր կոչելով նրան, ցանկանում էր շահել նրա բարեկամությունը:

Կիցվատնայի, հատկապես նրա հոգևոր կենտրոն Կումմանիի ազդեցությունը և նշանակությունը շատ մեծ է եղել Խաթթիում և Սուպիլուլիումասը իր որդի Տելեպինուսին Կումմանիի գլխավոր քուրմ է նշանակել:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին Միտանիից քիչ հետո Առաջավոր Ասիայում ստեղծված շատ պետությունների նման Խաթթին ևս վերացավ պատմության թատերաբեմից, պարտություն կրելով Եգիպտոսից և ենթարկվելով <ծովի ժողովուրդների> ներխուժմանը:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերի և 1-ին հազարամյակի սկզբի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները (ասուրական, ուրարտու-արարատյան) շարունակում են տեղեկություններ տալ Կիլիկիա-Կիլակուի (Քիլակու) և շրջակա տարածքների մասին: Այսպես. Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար 1-ինը (1115-1077) իր արշավանքներից մեկի ժամանակ հարձակվել է Խանիգալբատ երկրի ուժեղ ու անհնազանդ Մելիդիա (Մալաթիա) քաղաքի (երկրի) վրա16: Եփրատ գետը անցել և Մելիդ-Մալաթիա են արշավել նաև ուրարտական թագավորներ Արգիշտի 1-ինը (786-764) և Սարդուրի 2-րդը (764-735): Սարդուրի 2-րդի որդի և հաջորդ Ռուսա 1-ինը (735-713) իր արշավանքներից մեկի ժամանակ հասել է Կիլակու (Քիլակու)-Կիլիկիա17, և այս տարածքը նորից մտել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված Ուրարտու (Արարատ) հայկական պետության կազմի մեջ: Մ.թ.ա. 6-րդ դարից Առաջավոր Ասիայում հայտնվում են նոր պետություններ ու նոր տիրակալներ: Աքեմենյան Պարսկաստանի հիմնադիր Կյուրոսը (550-529) և նրա որդի Կամբիսը (529-522) նվաճել և ընդարձակել են իրենց պետության սահմանները: Մ.թ.ա. 546թ. նրանք նվաճում են Փոքր Ասիան, այդ թվում՝ Կիլիկիան և հասնում Էգեյան ծովի ափեր:

Մ.թ.ա. 334թ. Ալ. Մակեդոնացին անցել է Հելլեսպոնտոսը (Դարդանելի նեղուցը) և Գրանիկ գետի մոտ պարտության մատնել պարսից փոքրասիական սատրապների միացյալ զորքը: Այնուհետև նա նվաճել է Փոքր Ասիան, Կիլիկիան և Ասորիքը: Մակեդոնացու մահվանից հետո՝ 323թ. նրա հսկայածավալ պետությունը բաժանվել է նրա երեք զորավարների միջև: Կիլիկիան մտել է Սելևկյան պետության կազմի մեջ:

Մ.թ.ա. 2-րդ դարի կեսից Հռոմը սկսում է նվաճողական քաղաքականություն վարել Արևելքում: Մ.թ.ա. 102թ. հռոմեացիները նվաճում են  Լեռնային Կիլիկիայի արևմտյան մասը, իսկ այնուհետև՝ ամբողջ Կիլիկիան: Մ.թ.ա. 92թ. Կիլիկիայի փոխպրետորն էր Սուլլան: Հռոմեական, նաև պարթևական վտանգը հայերին ստիպում է համախմբվել: Մ.թ.ա. 95թ. Հայաստանում  գահ է բարձրանում Տիգրան 2-րդ Մեծը (95-55), որի ժամանակ Հայաստանը դառնում է Առաջավոր Ասիայի հզոր պետություններից մեկը: Մ.թ.ա. 84-83թթ. հայկական բանակը առանց լուրջ դիմադրության գրավում է ողջ Ասորիքն ու Կիլիկիան: Սակայն մ.թ.ա. 69թ. Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զորքի պարտությունից հետո Ասորիքը, Կիլիկիան և այլ տարածքներ անջատվում են Հայաստանից և դառնում հռոմեական պրովինցիաներ: Կիլիկիան դառնում է առանձին պրովինցիա: Այնուհետև Կիլիկիան մտնում է Արևելահռոմեական կամ բյուզանդական կայսրության կազմի մեջ: Հունա-հռոմեական նվաճումներից հետո Կիլիկիայում հայերից բացի սկսում են բնակվել նաև հույներ ու ասորիներ: Սակայն բնակչության գերակշռող մասը միշտ եղել են հայերը: 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամիանոսի վկայությամբ Իսոսի ծոցը (այժմ Ալեքսանդրետ) ժամանակին կոչվել է <Հայկական ծոց >18:

Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի առաջին (387թ.) և երկրորդ (591թ.) բաժանումներից հետո Բյուզանդիան որդեգրել է իր տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանումը դեպի կայսրության արևմտյան մասեր՝ Կապադովկիա, Ասորիք, Կիլիկիա և հարակից այլ տարածքներ: Այդ քաղաքականության հետևանքով հայերի թիվը այդ տարածքներում էլ ավելի է ստվարացել:

7-րդ դարում արաբները գրավել են դաշտային Կիլիկիան և մինչև 10-րդ դար այն պահել իրենց տիրապետության տակ: 10-րդ դարում Բյուզանդիան նորից ետ է նվաճել Կիլիկիան, որը դարձել է բյուզանդական կայսրության մարզերից մեկը: Այս ընթացքում Բյուզանդիան շարունակում էր հայերին տեղահանելու քաղաքականությունը՝ նրանց նորից բնակեցնելով Եփրատից արևմուտք ընկած տարածքներում: Դրանով նա փորձում էր Հայաստանը դատարկել հայերից, նրանց որպես պատվար օգտագործել արաբների դեմ, ռազմական ուժն օգտագործել արաբների և Արևմուտքից իրեն սպառնացող զանազան ցեղերի դեմ և վերջապես դավանափոխ անելու միջոցով հայերին ձուլել հույներին: Տեղահանության համար գործի էին դրվում զանազան միջոցներ՝ սպառնալիքներից ու բռնություններից մինչև շատ մեծ ու լայն իրավունքների ու կալվածքների տրամադրում նոր վայրերում: Տեղափոխվում էին իշխաններ ու ազնվականներ իրենց ազգուտոհմով և հպատակներով: Նրանք հանձնում էին իրենց հայրենի կալվածքներն ու տիրույթները և փոխարենը բյուզանդական կայսրերից ընդարձակ կալվածքներ ստանում Կիլիկիայում, Ասորիքում, Կապադովկիայում և Եփրատից արևմուտք ընկած այլ տարածքներում: Այսպես. 1044թ. Գրիգոր Պահլավունին հանձնում է հայրենի Բջնին և փոխարենը կալվածքներ ստանում Միջագետքում: 1065թ. Կարսի Գագիկ թագավորը իր թագավորությունը զիջում է Բյուզանդիայի կայսրին և տեղափոխվում Կիլիկիա19: 1073թ. Գանձակի Օշին իշխանը թողնում է հայրենի Մայրեաց ջուրը և ազգուտոհմով տեղափոխվում Կիլիկիա20:

11-րդ դարի 40-ական թվա­կաններին Եփրատից արևմուտք ընկած տարածքներում ստվարացած հայ բնակչությունը և հայ իշխանները ստեղծեցին հայկական իշխանություններ, որոնք ավելի ուշ միավորվեցին՝ ստեղծելով Կիլիկյան հայկական թագավորությունը: 1080թ. Գագիկ 2-րդ Բագրատունու (1043-1045) թիկնապահ իշխաններից մեկին՝ Ռուբենին հաջողվեց Կիլիկիայում ստեղծել հայկական նոր իշխանություն (ավելի ուշ թագավորություն), որը գոյատևեց մինչ 1375թ. (մոտ 300 տարի):

12-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում հանդես եկան նոր պետություններ՝ Եգիպտոսի (Էյուբյանների) և Իկոնիայի (Ռումի) սուլթանությունները: Իկոնիայի սելջուկյան (թուրքմենական) սուլթանությունը հաղթանակներ էր արձանագրում Բյուզանդիայի դեմ մղվող պայքարում և ընդարձակում է իր տարածքները Փոքր Ասիայում՝ ի հաշիվ թուլացող Բյուզանդիայի:

Եգիպտոսի սուլթանությունը ևս հաջողություններ էր արձանագրում: Նրանք իրար հետևից նվաճում են Միջագետքը, Ասորիքը, Երուսաղեմի լատինական թագավորությունը (1187թ.) և հասնում Կիլիկիային սահմանակից Անտիոքի լատինական թագավորության սահմանները: Ե´վ Իկոնիայի, և´ Եգիպտոսի սուլթանությունները թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի հանդեպ: Այս պայմաններում Կիլիկիայի հայկական իշխանության գլուխ անցավ Լևոն 2-րդը (1185-1219): 1187թ. հյուսիս-արևմուտքից Իկոնիայի սուլթանի զորքը հարձակվեց Կիլիկիայի վրա և ասպատակելով երկիրը՝ հասավ Սիս քաղաք: Սիսից ոչ հեռու Ռավին կոչված վայրում Լևոն 2-րդը ջարդեց թուրքմեններին և նրանց ետ շպրտեց երկրից:

Ամանոսյան լեռների կողմից Եգիպտոսի սուլթանը ևս ներխուժեց Կիլիկիա: Լևոն 2-րդը դարձյալ հաջողություն ունեցավ և հաղթեց նաև արաբներին: Ինչպես տեսնում ենք, մեծ էր արտաքին վտանգը: Հենց այս վտանգն էլ ստիպեց, որ հայերը նորից միավորվեն: Լևոն 2-րդը ու նրա հաջորդները դիվանագիտական հաջողություններ ունեցան, որոնց արդյունքում ստեղծվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը: Հատկապես մեծ էր Լևոն 2-րդի  (թագադրվելուց հետո Լևոն 1-ին, ըստ Ղ. Ալիշանի) դերը, որը կարողացավ ճիշտ կողմնորոշվել ստեղծված բարդ քաղաքական պայմաններում: Նա կապեր հաստատեց եվրոպական միապետների հետ, համագործակցեց խաչակիրների հետ և թագեր ստանալով Բյուզանդիայի (1196թ.) ու Գերմանիայի (1198թ.) կայսրերից հանդիսավորությամբ թագադրվեց Տարսոն քաղաքում: 1045թ. Բագրատունյաց թագավորության անկումից հետո Առաջավոր Ասիայում նորից ստեղծվեց հայկական պետություն: Նոր ստեղծված հայկական պետության տարածքը մոտ 40.000 քառ.կմ էր, բնակչությունը մոտ 1 միլիոն: Պետության խոշոր քաղաքներն էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Անարզաբան (Անազարբան), Մամեստիան, Այասը և Կոռիկոսը: Վերջին երկուսը նաև խոշոր նավահանգիստներ էին:

1226թ. Կիլիկիայում հաստատվում էհայ ազնվականական տոհմից սերվող  Հեթումյան արքայատոհմի իշխանությունը, երբ Կոնստանտին Գունդստաբլի որդի Հեթումը ամուսնանում է Լևոն 1-ինի (Լևոն 2-րդ) դուստր Զաբելի հետ: Հեթում 1-ինի թագավորության տարիներին սկսվում են մոնղոլ-թաթարական արշավանքները դեպի Փոքր Ասիա: Կիլիկիան շրջապատող երկրների (Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանություններ) թշնամական վերաբերմունքի պատճառով հայերը որոշեցին չընդհարվել մոնղոլների հետ և բանակցությունների  մեջ մտնելով դաշինք կնքեցին նրանց հետ: Այս քաղաքականությունը արդարացրեց իրեն: Մոնղոլները չմտան Կիլիկիա, երկիրը զերծ մնաց մոնղոլական ավերածություններից: 1254թ. Հեթում 1-ինը մեկնեց Կարակորում, ընդունվեց Մանգու խանի կողմից և կնքվեց պայմանագիր, որը ձեռնտու էր երկու կողմին: Մոնղոլները դաշնակից էին ձեռք բերում Առաջավոր Ասիայում, իսկ հայերը պահպանում էին իրենց ինքնուրույնությունը, նաև մոնղոլների օգնությամբ նոր տարածքներ էին միացնում իրենց թագավորությանը: Կիլիկիայի հաջողությունները անհանգստացնում էին թշնամիներին, հատկապես Եգիպտոսի սուլթանին: Մոնղոլների թուլացումից հետո Կիլիկիան փորձում է օգնություն ստանալ քրիստոնյա Եվրոպայից: Սակայն դա առաջացնում է Եգիպտոսի թշնամական վերաբերմունքը հայերի հանդեպ: Եգիպտացիները հայերին մեղադրում են եվրոպացիներին նոր խաչակրաց արշավանքի դրդելու մեջ: Եվ եգիպտացիները 1335թ., 1336թ., 1337թ. մի շարք արշավանքներ են կազմակերպում դեպի Կիլիկիա: 1337թ. կնքվում է ծանր պայմանագիր, որով երկրի հարավարևելյան մասերը, նաև Այաս նավահանգիստը անցնում են եգիպտացիներին: Լևոն 4-րդ (Լևոն 5-րդ) Լուսինյանը պարտավորվում է բանակցություններ չվարել եվրոպական պետությունների ու Հռոմի պապի հետ: Ստեղծվում է ծանր վիճակ Կիլիկյան Հայկական թագավորության համար: Մահմեդական պետություններով շրջապատված Լևոն 4-րդը (Լևոն 5-րդ, 1320-1342) և Լևոն 5-րդը  (Լևոն 6-րդ, 1374-1375) լատինամոլ քաղաքականություն էին վարում: Այդ, ինչպես նաև արքունիքում սկսված կրոնական վեճերի պատճառով երկիրը կանգնեց կործանման եզրին: 1375թ., չնայած հայ ռազմիկների խիզախությանը, եգիպտական մամլուկները գրավում են Սիս մայրաքաղաքը: Ավարտվում է Կիլիկիայի հայկական թագավորության պատմությունը:

Այսպիսով, Կիլիկիան ու նրա բնակչությունը (խուրրի=հայ-արմեններ) հնագույն ժամանակներից մաս կազմելով հայոց պատմության, հանդիսանալով Հայաստանում ստեղծված հոգևոր ու նյութական մշակութային արժեքների ստեղծողներ, կրողներ ու տարածողներ, կիսեցին նաև մայր ժողովրդի ճակատագիրը: Կիլիկիան ևս ենթարկվեց բազմաթիվ հարձակումների ու նվաճումների: Գրավվեց խեթերի, հույների, պարսիկների, հռոմեացիների, բյուզանդացիների, արաբների ու թուրքերի կողմից: Արևմտյան Հայաստանի նման Կիլիկիայի բնակչությունը ևս 1915-1923թթ. թուրքերի կողմից ենթարկվեց դաժան ցեղասպանության, ու Կիլիկիան դատարկվեց հայերից: Այսօր հայաթափված Կիլիկիան Արևմտյան Հայաստանի նման սպասում է իր իսկական տերերի՝ հայերի վերադարձին:

Ծանոթագրություներ

1. Ղ. Ալիշան, Սիսուան,   1885,   էջ 4

2. Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության,

Ե.  1977,   h. 1,   էջ 25

3. Հոմերոս, Իլիական, Ե. 1987,  էջ 69

4. Платон, Республика, М., 1929. с. 614

5. T. Garstang, Prehistorie Mersin, Oxford, 1933, p. 11: Ս. Սարդարյան,

Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, 1967,  էջ 152

6. Дж. Меларт, Древнейшие цивилизации Ближнего Востока, М. 1982,

с. 60

7.  Ս. Սարդարյան,  1967,  էջ 152

8. Дж. Меларт, 1982, с. 64

9. T. Garstang,  Prehistorie Mersin…, Tarsus, vol. 3, p. 359: no 390,

Ս. Սարդարյան,  1967,  էջ 215

10. Ս. Սարդարյան,  1967,  էջ255

11. И. Дьяконов, Вестник Древней Истории, 1970, 4, с. 44

12. Г. Вильхельм, Древнии народ хурриты, М., 1992, с. 53

13. История Древнего Востока, М. 1988, ч. 2, с. 151

14. Ա. Խաչատրյան, Հայաստանի սեպ. շրջ. պատմություն, Ե. 1933,

էջ 498

15. Ինչպես տեսնում ենք Կիլիկիա-Կիցվատնայում մ.թ.ա. 2–րդ հազ.

կեսին  կար Սունասսուրա կամ Սանասուրա անունով թագավոր:

Այս անունը  բացահայտորեն հ.ե. հիմք ունի` san <արև>:

16. АВИИУ, 10 /5,33/, ՀԺՊՔ, էջ 20

17. Г. Меликишвили, УКН, М., 1960

18. Հ. Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Ե.  1975, էջ 507

19. Մ. Ուռհայեցի,   1898, էջ 151

20. Ս. Անեցի, 1893, էջ117: Ղ. Ալիշան, Սիսուան, էջ 77

 

Համառոտ ներկայացնենք Կիլիկյան արքայատոհմերի պատմությունը:

       Ռուբինյաններ

   Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080-1219)։ Անվանադիրն ու հիմնադիրն է իշխան Ռուբենը որը Բագրատունյաց Գագիկ Բ  թագավորի  թիկնապահներից էր:  Գագիկ Բ-ի սպանությունից հետո գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդիայի  դեմ:  Պայքարն ավարտվել է հաջողությամբ, որից հետո իշխան Ռուբենը  հիմնադրել է անկախ հայկական իշխանապետություն: 1187 թ. այդ արքայատոհմի թագավոր Ռուբեն Գ-ն գահը կամովին հանձնել է Լևոն Բ-ին, որը շրջակա թշնամիների դեմ տարած  հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը: 1198 թ. օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ 1219 թ. Լևոն Բ-ի   մահով ավարտվել է  Ռուբինյանների տոհմի իշխանությունը արական գծով։  1226 թ, նրա գահաժառանգ դուստր Զապելը  ամուսնացել է Կոնստանտին սպարապետի որդի  Հեթումի հետ, ով դառնում է Հեթումյան թագավորական տոհմի հիմնադիրը։ Ներկայացնենք Ռուբինյանների գահացանկը

Ռուբեն Ա (1080-1095)

Կոնստանդին Ա (1095-1100)

Թորոս Ա (1100-1129)

 Լևոն Ա (1129-1137)

 Թորոս Բ (1145-1169)

  Ռուբեն Բ (1169)

  Մլեհ (1169-1175)

 Ռուբեն Գ (1175-1187)

 Լևոն Բ (1187-1219)

 

Հեթումյաններ

    Հեթումյանները հայոց  իշխանական տոհմ էին։  Այս  իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին է, որը խույս տալով սելջուկ-թուրքերի հալածանքներից,  1073 թ. իր ազգատոհմով Կիլիկիա  է տեղափոխվել Մեծ Հայքի  Գարդման-Ուտիք նահանգի  Մայրեաց ջուրք ավանից:  Կիլիկիայում Օշինն ամուսնանում է իշխանԱբլղարիբ Արծրունու դուստրերից մեկի հետ, ժառանգություն ստանսլով Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն ամրոցը  (Լեռնային Կիլիկիա) և շրջակա գյուղերը։  Օշինի ժառանգներից մեկը՝ Կոնստանտինը  Լևոն Բ–ի ժամանակ դարձել է  Հայոց բանակի սպարապետ, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալ (պայլ)։   1226 թ. Կոնստանտինը իր որդի Հեթումին ամուսնացրել է Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ,  հռչակելով նրան Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների թագավորական տան  հիմնադիրը: Հեթում Ա-ն  եւ Զապել թագուհին ունեցել են հինգ դուստր և չորս որդի՝   Լևոն  (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ:  Լևոն Ե  թագավորի մահից հետո 1342 թ. ընդհատվել է Հեթումյանների իշխող տոհմը։  Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր է հռչակվել Հեթումյանների հեռավոր ազգական Կոստանդին Դ ն,  որին հաջորդել է հորեղբորորդի Կոստանդին Ե-ն:

Հեթումյանների գահացանկը

  1. Հեթում I (1226-120 )
  2. Լևոն III  (1270-1289)
  3. Հեթում II  (1289-1306 )
  4. Լևոն IV (1306-1307 )
  5. Օշին  (1308-1320)
  6. Լևոն V Լուսինյան (1320-1342)

 

 

Լուսինյաններ

Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները  իշխել ենԿիպրոսում 1192 -1489 թթ.։  Հիմնադիրը խաչակիր Գվիդոնն էր: Գվիդոնի թոռ  Հենրիկոսի  գահաժառանգ որդի Ամորի Բ-ն 1293 թ. ամուսնացել է Կիլիկիայի  թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ /չշփոթել Լևոն Բ Ռուբինյանի  դուստր գահաժառանգ Զաբելի հետ/ հետ։ 1310 թ. Ամորի Բ-ի  սպանությունից հետո Զապելը հինգ զավակների հետ ապաստանել է Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե-ի արքունիքում։  1342 թ. Լևոն Ե-ն առանց գահաժառանգ թողնելու հանկարծամահ է եղել։1343  թ. Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվում է Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Սակայն նրա լատինամոլ քաղաքականությունը  դժգոհություններ է առաջացնում երկրում և 1344 թվականին ժողովուրդն ապստամբում է: Ադանայի պալատում սպանվում են Գվիդոն–Կոստանդինը և նրան շրջապատող ֆրանսիական պալատականները։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ-ի  եղբայր Ջիվանի որդին՝  Լևոն Զ-ն,  որը վերոհիշյալ դեպքերի ժամանակ մոր հետ 1344  թ. փախել էր Կիպրոս: 1375  թ. Եգիպտոսի սուլթանի զորքը համառ կռիվներից հետո գրավում է մայրաքաղաք Սիսը և գերի վերցնում Լևոն Զ թագավորին: Լևոն Զ-ն գերությունից ազատվում է Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը:

  Լուսինյաններ

Կոնստանդին Բ (1342–1344)

Կոնստանդին  Գ (1344–1362)

Կոնստանդին  Դ (1362–1373)

Լևոն Զ (1373–1375)

  Անժելա Տերյան

Պատմաբան

Մեկնաբանությունները փակված են։