ՀԱՅԿԱԿԱՆ և ԻՐԱՆԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ  


     Ն.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին:    Այս պետությունը հիշատակվում է Մաննա, Մենի /ասուրական արձանագրությւոններ/ Մանա /Արարատ-ուրարտական արձանագրություններ/, Միննի /Բիբլիա/ Մատիենե /հունական գրավոր աղբյուրներ/ և այլ անուններով: Հույն պատմիչ Ստրաբոնը Ուրմիա-Կապուտան լիճը անվանում է Մանտիենե լիճ[1]: ,  Հայտնի Է, որ այս տարածքները հուրիական (հայկական) միտանի ցեղի նախնական բնակության վայրերն են, հայրենքը: Հայկական լեռնաշխարհի հողագործ, անասնապահ, հատկապես ձիապաշտ այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Է կազմավորել տարբեր պետություններ, որոնք հայտնի են ՄԻՏԱՆԻ, ՄԱՆԱ, նաև ՄԱՐԱՍՏԱՆ -ՄԵԴԻԱ անուններով: Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ, ն.թ.ա. 616-615 թթ.  Մանան նվաճվել  է  ն.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել  գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայքի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան կամ Մարացեան տների ժառանգական տիրույթները:   Հայոց հնագույն Միտանի /Հուրի Միտանի/ պետության վերնախավը՝ ազնվականական շատ տոհմեր ու տներ պահպանել են իրենց գոյությունը նաև Արարատ-Ուրարտական   և  հետագա ժամանակներում:

     Հայոց նախարարական տների և տոհմերի մասին գրավոր աղբյուրները խոսում են 5-րդ դարից: Մովսես Խորենացու <Հայոց Պատմություն> աշխատության մեջ և <Գահնամակում> հիշատակված Արծրունի, Մանդակունի, Ամատունի, Մարզպետունի և Մուրացան /Մարացվոյն տեր ըստ Խորենացու/  կամ Մարացեան /ըստ <Գահնամակի>/  նախարարական տների  ու տոհմերի անունները միտանական ծագում ունեն և գալիս են Միտանիի ժամանակներից /ն.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ/:

     Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասից՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել ՀԱՅԿԱԿԱՆ՝ միտանյան, արարատ-ուրարտական, Երվանդունի և  ԻՐԱՆԱԿԱՆ՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝  ԱրդինիՄուսասիրը և ԿումենուԿումեն:  ԱրդինիՄուսասիրը, որտեղ  գտնվում էրԽալդի աստծո պաշտամունքի կենտրոնը, գտնվում էր  Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, հայոց պատմական Կորճայքում: Իսկ Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում գտնվող  ԿումենուԿումեն   Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնն էր:                  

     Հայոց հնագույն  Միտանի /Հուրի Միտանի/ պետության թագավորների և նրանց հայրերի անունները հայտնի են և շատ հաճախ կրկնվում են /Շուտարնա I, II, III, Արտադամա I, II, Շատուարա I, II/ , սակայն հայտնի չէ թե ինչ արքայատոհմեր են իշխել այնտեղ: Նույն վիճակն է և Արարատ-Ուրարտուի ժամանակաշրջանում /Սարդուր I, II, III, IV, Արգիշտի I, II,  Ռուսա I, II, III, IV/:  Դարձյալ հայտնի են միայն արքաների և նրանց հայրերի անունները, որոնք կրկնվում են: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը գտնվում էր նույն արքայատոհմի ձեռքին, ու գահը ժառանգվում էր հորից որդուն երբեմն` եղբորը: Երկու դեպքում էլ վկայություններ չկան որևէ արքայատոհմի մասին, ինչպես օրինակ, ավելի ուշ հանդես եկած Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի, Ռուբինյան, Հեթումյան արքայատոհմերն են:

      Միտանիում և Արարատ-Ուրարտու/յ/ում[2] արքայատոհմերի անուններ չկան, բաւց կա մի փաստ, որն ընդհանուր է նրանց համար, և որը կապում է նրանց. դա այդ արքայատոհմերի նույն տարածքից, նույն երկրից  ծագելու փաստն է:

     Հայտնի է, որ Ուրմիա լճի հարավային մասում /ներառյալ Արդինի- Մուսասիրը/ ապրող միտանի ցեղի թագավորներին հաջողվել է ն.թ.ա. II հազարամյակի սկզբներին միավորել հուրիական /հայկական/ ցեղերին և ստեղծել հայոց հնագույն Միտանի պետությունը:  Ն.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի հարավ-արևելյան մասերում ապրող հայկական ցեղերին նորից  հաջողվել է Միտանիից հետո ստեղծել հայոց նոր հզոր  պետություն՝ Արարատ-Ուրարտուն:

    Արարատ-Ուրարտական ժամանակաշրջանում Արդինի-Մուսասիրը սրբազան վայր է եղել իշխող արքայատոհմի համար: Այստեղ է եղել պետության հովանավոր աստված Խալդիի /Ալդի, Արդիտաճարը, այստեղ են թագադրվել ուրարտական արքաները, այստեղ է եղել արքունի գանձարանը և այլն: Արդինի-Մուսասիրի այս կարգավիճակը թույլ է տալիս մտածելու, որ ԱՐԱՐԱՏ-ՈւՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԸ ԱՐԴԻՆԻՄՈւՍԱՍԻՐՅԱՆ ԾԱԳՈւՄ Է ՈւՆԵՑԵԼ: Այս ամենից հետո պատահական չէ, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը  (721-705) գրավում ու կողոպտում է Արդինի-Մուսասիրը, այդ թվում Խալդի աստծո տաճարը,  Արարատ-Ուրարտուի թագավոր  Ռուսա I-ը (735-713) ինքնասպան է լինում՝ լսելով այդ լուրը[3]: Արարատ-Ուրարտուի հպարտ արքայի համար մեծ վիրավորանք և սրբապղծություն է եղել երկրի գլխավոր  սրբավայրի գրավումն ու կողոպտումը թշնամու կողմից: Այդ փաստը հիշատակող Սարգոն 2-րդի արձանագրությունից հայտնի է դառնում նաև, որ   Արարատ-Ուրարտուի արքայատոհմի ներկայացուցիչները Վանա և Ուրմիա-Կապուտան լճերի միջև գտնվող Արմարիլի քաղաքից էին:  Սարգոնը գրում է, որ դեպի Ուրարտու արշավանքի ժամանակ նվաճել և ավերել է Արբուն՝ Ուրսայի /Ռուսայի/ տոհմի բնակատեղին, Ռիաքը՝ Սարդուրի քաղաքը և շրջակա յոթ այլ բնակավայրեր, որտեղ բնակվում էին արքայի եղբայրները[4]:    

     Նշենք, որ Ասորեստանի թագավորների արշավանքների ժամանակ Արարատ-Ուրարտուն և Մանան հաճախ օգնում էին իրար և  հանդես գալիս  միասին: Ամեն անգամ ասորեստանցիներին հարկ էր լինում նորից նվաճել Մանայի բնակավայրերը և այնտեղ նշանակել նոր կառավարիչներ, որոնք նրանց հեռանալուց հետո անմիջապես կապեր էին հաստատում Արարատ-Ուրարտուի թագավորների  հետ, «հույսը դնելով կարգ ու կանոն չիմացող դաշնակցի՝ ուրարտացի Ռուսայի վրա» [5],  գրում է Սարգոն II-ը  իր արձանագրության մեջ: Այս փաստը վկայում է նրանց ազգակցական, արյունակցական կապերի մասին, որոնք երևան էին գալիս հատկապես  թշնամիների  հարձակումների ժամանակ:

   Արարատ-Ուրարտուի  վերջին թագավոր Ռուսա IV-ից  ( 609-590) հետո  գահն անցել է հայոց նոր արքայատոհմի՝ Երվանդունիների ներկայացուցիչներին: Այս արքայատոհմի առաջին թագավորը Երվանդ I Սակավակյացն էր (ն.թ.ա. 580-560):
Ինչպես նկատում ենք,  այս փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսա IV-ի  մահից 10 տարի հետո: Այդ ժամանակահատվածում Հայքում հայտնի չեն ինչ-որ խոշոր հուզումներ, ցնցումներ, օտարերկրյա ներխուժումներ, որոնք պատճառ հանդիսանային արքայատոհմի փոփոխության: Հետևաբար այդ փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով: Արարատ-Ուրարատական կամ Արամյան արքայատոհմը (Արարատ-Ուրարտուի առաջին հայտնի թագավոր Արամեի անունից) այլևս ի վիճակի չի եղել ապահովելու երկրի անվտանգությունը, և գահն իրենց ձեռքն են վերցրել ազնվական այլ ընտանիքի ներկայացուցիչներ, այս դեպքում՝ Երվանդ  I –ը  և Հայքում /Արարատ-Ուրարտու/ սկիզբ է դրվել ԵՐՎԱՆԴՈՒՆԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ  /մ.թ.ա.  580 – մ.թ. 72  /  իշխանությանը:                    

      Առաջավոր Ասիայի պատմության ն.թ.ա. VI դարի սկզբի համար կարևոր գրավոր աղբյուր է «Բաբելոնյան ժամանակագրությունը», ուր վկայություն կա Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի մոտավորապես ն.թ.ա. 609 թ. դեպի Արարատ-Ուրարտու ձեռնարկած «մեդական» արշավանքի մասին[6]:      Արարատ-Ուրարտուն այդ ժամանակ գտնվում էր հզորացող Մարաստան-Մեդիայի ազդեցության տակ: Այս փաստերը վկայում են, որ մար-մեդերը,  մանա-մատիեները և արարատ-ուրարտացիները՝ հայերը  ազգակիցներ էին, և Մարաստան-Մեդիան բարեկամաբար էր տրամադրված իր արյունակից Արարատ-Ուրարտուի հանդեպ: Նույն տրամադրվածությունն էր նաև երկրի ներսում՝ Արարատում (Ուրարտու): Դժգոհություններ չեն եղել, երբ ավելի քան 300 տարի գոյատևած Արարատ-Ուրարտական    արքայատոհմին փոխարինել է նոր արքայատոհմ՝ Երվանդունիների արքայատոհմը: Իսկ Երվանդունիների և մարերի միջև տեր և վասալ հարաբերություններ չեն եղել, այլ մարաց թագավոր Կիաքսարը (625-585) ազգակիցների, հավասարների մեջ առաջինն է եղել: Ավելի ուշ, երբ Դարեհ 1-ին Աքեմենյանը (522-485) փորձել է սահմանափակել հայ և մար ազնվականների իրավունքները, իրադրությունը սրվել է, և սկսվել են թշնամական հարաբերություններ:

     Մատենագրական կցկտուր տեղեկությունները վկայում են, որ Երվանդունիները ծագում են Մատիենե (Մանա) երկրին կից ԱՐԴԻՆԻ-ՄՈւՍԱՍԻՐ- երկրից :  Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (1-ին դարի սկիզբ) այդ տարածքում հիշատակում է Օրոանդների ցեղի մասին [7]:

    Երվանդունիները Վասպուրականի գավառներից մեկի՝ Հայոց ձորի (Արուանդունիք) ժառանգական իշխաններն էին: Թովմա Արծրունին իր «Պատմությունն տանն Արծրունեաց» աշխատության մեջ աղոտ տեղեկություններ է տալիս  Երվանդ թագավորի մասին, որը բնակվել է Տոսպ գավառում, և գավառը նրա անունով անվանվել է նաև Երվանդական[8]:  Իսկ հայոց մի շարք ձեռագիր հիշատակարաններում (18- րդ դար) Վան քաղաքը Երվանդի անունով վկայակոչվում է Երվանդավան[9]  և Երվանդական անուններով: Այս տեղեկությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Երվանդունիները ծագում են Արդինի-Մուսասարից, և մինչև հայոց գահին նստելը, գործել են  Տոսպ գավառում ու Վան քաղաքում, նաև մեդական և Աքեմենյան ժամանակներում:

    ՄԱՐ-ՄԵԴԱԿԱՆ հնագույն արքայատոհմը նույնպես այդ տարածքից էր[10]  (Դեյոկես, Կիաքսար I, Աժդահակ-Աստիագես, Կիաքսար II, Կյուրոս Մեծ  (558-550), որի ընկերն էր հայոց Երվանդ I թագավորի որդի Տիգրանը): Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն Մատիենե-Մանային կից  (հաճախ ներառյալ) ՊԱՐՍՈՒԱ-ՊԱՐՍԿԱՀԱՅՔ ԵՐԿՐԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ԱՔԵՄԵՆՅԱՆՆԵՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ  ԱՆԴԱՄՆԵՐԸ[11]:

     Ինչպես տեսնում ենք ԱՐՅՈՒՆԱԿՑԱԿԱՆ, ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՈւՐԻ-ՄԻՏԱՆԱԿԱՆ, ԱՐԱՐԱՏ-ՈւՐԱՐՏԱԿԱՆ, ԵՐՎԱՆԴՈւՆԻ, ՄԱՐ-ՄԵԴԱԿԱՆ և ԱՔԵՄԵՆՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐԻ միջև: Այս բոլոր արքայատոհմերը, որոնք գործել են ն..թ.ա. II-I հազարամյակներում, ծագում են նույն՝ Վան-Ուրմիա լճերից մինչև Մեծ Զաբ գետ և սրբազան Արդինի-Մուսասիր ընկած տարածքներից: Արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել նաև այլ ազնվական տոհմերի միջև:

     ԱՅՍՊԻՍՈՎ   ՄԱՆԱՄԻՏԱՆԻՆԵՐԸ, ԱՐԱՐԱՏՈՒՐԱՐՏԱՑԻՆԵՐԸ  (ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԵՐ) և ՄԱՐՄԵԴԵՐԸ, ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ՊԱՐԹԵՎՆԵՐԸ  (ԻՐԱՆԱԿԱՆ ՑԵՂԵՐ) ՆՈՒՅՆ  ՑԵՂԻ  (ԱՐԻԱԿԱՆՏԱՐԲԵՐ  ՃՅՈւՂԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՆ:

Անժելա Տերյան                                  

                                    Հոդված  «Միտանի, Հայոց հնագույն պետություն»,                                           աշխատությոն, հավելված, Ե. 2006,     


[1] Ստրաբոն, Աշխարհագրություն, 11 /44, 8/

[2]  Արարատ-Ուրարտուի առաջին հայտնի թագավոր Արամեի  /մ.թ.ա. 860-840/  անունով կարելի է արքայատոհմն անվանել Արամյան:                                                                                                                

[3] АВИИУ,  54 /72/

[4] ՀԺՊՔ, էջ  31

[5] АВИИУ,  28 /79/:  ՀԺՊՔ, էջ  28

[6] ВДИ, 1951, 2:  ՀԺՊ,  1971, էջ 336

[7]  Պլինիոս,  VI, 1, 18

[8] Թովմա Արծրունի, Պատմությունն տանն Արծրունեաց, , 50

[9] Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, թղթապանակ 33, էջ 270 /Մատենադարան/

[10] ՀԺՊ, 1971, էջ 440

[11]  Струве В., Советская этниграфия, 1947,  VI-VII, с. 117-124, ՀԺՊ, 1971, էջ 440

Թողնել մեկնաբանություն