ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ  ԹԵ ՞ ՀԱՅԱԶՈՒՆՆԵՐ


                       

   Հայկական լեռնաշխարհը  արարչական ժամանակներից բնակեցված լինելու մասին կարևոր վկայություն կա V դարի պատմիչ Մովսես Խորենացու <Հայոց պատմություն> աշխատության մեջ:  Խորենացին վկայակոչելով ասորի պատմիչ Մար Աբաս Կատինային, գրում է, որ <Բաբելոնյան աշտարակաշինության անհաջող փորձից հետո Թորգոմի (Հաբեթի սերնդից) որդի, քաջ նախարար Հայկը, չկամենալով հնազանդվել Տիտանյան Բելին, Բաբելոնում իր Արամանյակ որդու ծնվելուց հետո չվում է Արարադի երկիր, որը գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, որ զորավոր մարդիկ էին, թվով մոտ երեք հարյուր հոգի, …:  Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից:  Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով՝ այնտեղ շինում է բնակության տուն (կալվածք) և տալիս ժառանգություն  Կադմոսին, Արամանյակի որդուն: Սա արդարացնում է ասված անգիր զրույցները >:

    Այնուհետև Խորենացին շարունակում է. <Իսկ ինքը մնացած մարդկանցով և տունուտեղով շարժվում է հյուսիս-արևմուտք, բնակվում մի բարձրավանդակ դաշտում, որը կոչում է ՀԱՐՔ (Վանա լճից հյուսիս-արևմուտք), այսինքն՝ այստեղ բնակվողները հայրերն են Թորգոմի տան սերնդի: Շինում է մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն: Այստեղ էլ պատմության մեջ (Մար Աբաս Կատինայի)  հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանալիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին:  Այս էլ արդարացնում է ասված անգիր զրույցները>:[1]

         Անդրադառնանք այն հարցին, թե  ինչու ու ինչպես էր Հայկը հայտնվել Բաբելոնում: Հարցի պատասխանը գտնում ենք շումերական գրավոր աղբյուրներում: Հայտնի է, որ Միջագետքը   հարուստ չէր   շինանյութերով,  զանազան քարերով, անտառներով, մետաղահանքերով ու ամենակարևորը՝ ճարտարապետներով և շինարար վարպետներով:  Դրա համար  Միջագետքի տիրակալները  դիմում էին Արարատ երկրի ու Արատտայի տիրակալներին:   Այս դեպքում Բաբելոնում ապրող անբարտավան հսկաների մի սերունդ իրեն ամենազոր կարծելով  որոշում է կառուցել բարձր աշտարակ և հասնել աստվածներին: Հավանաբար հենց  այդ նպատակով Հայկը իր  աղխով (տոհմ) հրավիրվել է Բաբելոն մասնակցելու աշտարակի կառուցմանը: Սակայն զայրացած աստվածները հզոր հողմ փչելով կործանում են կառուցվող աշտարակը: Այնուհետև մարդկանց տրվում են տարբեր լեզուներ, որ նրանք այլևս չկարողանան միավորվել և աստվածների դեմ գործել: Սկսվում է խուճապ և շփոթություն: Օգտվելով այդ իրավիճակից հսկաներից մեկը՝ բռնակալ Բելը հնազանդեցնում է շատերին: Սակայն քաջ, խոհեմ ու երևելի մեկ այլ հսկա՝ Հայկը չցանկանալով  ենթարկվել Բելին, վերադառնում է հայրենիք՝ Արարատ երկիր:  Բելը  ցանկանալով իրեն ենթարկել Հայկին,  մեծ զորքով հարձակվում է:  Տեղի ունեցած ճակատամարտում Հայկը սպանում է նրան:  

       Պատերազմում իր դեմ ելած Բելին հաղթելուց հետո Հայկը ձեռնամուխ է լինում երկրի շենացմանը:  Ինչպես վերևում նշվեց, Կադմոս թոռանը հրամայում է իր առաջին տանը (կալվածք)  բնակություն հաստատել, իսկ ինքը գնում բնակություն է հաստատում Հարք կոչված դաշտում: Այնուհետև <ոչ քիչ տարիներ ապրելով Հայկը մահանում է, ազգը հանձնելով   իր որդի Արամանյակին>: Երկիրը կառավարելու և շենացնելու համար Արամանյակը  իր եղբայրներ Խոռին ու Մանավազին,  ինչպես նաև  Մանավազի որդի Բազին  իրենց տոհմերով թողնում է Հարքում: Մանավազ և Բազ անուններից առաջացել են Մանավազյան և Բզնունյաց, նաև Որդունի նախարարությունները: Խոռի անունից   առաջացել է Խոռխոռունի ցեղի նախարարությունը:

       Արամանյակը բնակվում է  սպիտակափառ լեռան ստորոտում, լեռը իր անվանը հարմարեցնելով կոչում է Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն: Խորենացին այս վկայությունից հետո, ուրախությամբ  նշում է <Բայց սքանչելի մի բան է ասում պատմագիրը  (Մար Աբաս Կատինան), թե  շատ տեղերում ցիրուցան բնակվում էին սակավաթիվ մարդիկ, նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը>:  

   Անդրադառնանք Խորենացուն ուրախություն պատճառած Մար Աբաս Կատինայի այս վկայությանը:  Հիշենք, որ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով  կալվածքներ էր հիմնում:  Մեկ այլ դեպքում նրանք կամովին հնազանդվել են Հայկին:  Թե ովքե՞ր էին այդ մարդիկ, հստակ պատասխան չկա Խորենացու մոտ, բայց դա նրան ուրախություն էր պատճառում:

        Վերոհիշյալ հարցի պատասխանը գտնում ենք երկրի ԱՐԱՐԱՏ,  ՀԱՐՔ անունների և նախարարական մի շարք տների անունների պատմության մեջ:   

     Արարատ անվանումը մեր երկրի հնագույն անվանումն է և արարելու տեղ, վայր իմաստներն ունի: Հարք անվանումը հայրերի  երկիր իմաստն ունի: Արարատ երկիր անվանումը կար, երբ Հայկը վերադարձավ Բաբելոնից, իսկ Հարք անվանումը  ամրապնդվել է Հայկի կողմից:  Բելի դեմ տարած հաղթանակից հետո, ինչպես նկատում ենք, Հայկի հզորացած տոհմը իրեն է ենթարկում Արարատ երկրում՝  Հարքում  (Հայրերի երկրում)  ապրող մյուս տոհմերին և սփռվում երկրում:     

  Խորենացին Հայկից, այն է. բնիկ նախնիներից սերված է համարում  նաև քաջ նախարար Պարույր Սկայորդուն, որը գործել է մարաց Վարբակես թագավորի ժամանակ (մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կես.), նրա կողմից ստանալով թագ:  Խորենացին <ոչ փոքր ուրախությամբ է գրում այդ ժամանակի մասին, քանի որ  մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում>: Պարույրին հաջորդել է  որդին Հրաչյան, այնուհետև Փառնավազը, Պաճուիճը,  Կոռնակը, Փավոսը, Մյուս Հայկակը, Երվանդ Սակավակյացը, Տիգրանը:

      Խոսելով հայոց Վաղարշակ I թագավորի (մ.թ.ա. 247-225) բարենորոգումների և նախարարների տոհմերի մասին, Խորենացին գրում է. <Բայց մոռացանք Սլաք անունով դժնյա մարդու մասին, որի մասին հաստատ  չեմ կարող ասել, արդյոք  Հայկի՞ց էր սերում, թե նրանից առաջ մեր աշխարհում ապրողներից է, որոնց գոյության մասին պատմում են զրույցները. բայց սա քաջ մարդ էր: Սրան քիչ մարդկանցով նշանակում է լեռը (Մասիսը) պահպանելու…, սրանք կոչվեցին Սլկունիներ>:  Խորենացին  ստույգ տեղեկություններ չունի նաև Մոկացիների, Կորդվացիների, Անձևացիների և Ակեացիների տոհմերի  ծագման մասին,  որոնք ապրում էին նույնանուն գավառներում և Վաղարշակ I-ի կողմից  հաստատվում են նախարություններ: Քանի որ Խորենացին տեղեկություններ չունի, չի խոսում այդ տոհմերի ծագումնաբանության մասին: <Այս դեպքում դարձյալ կարելի է մտածել, որ նրանք ևս մեր երկրում առաջվա ապրողներից են>[2], գրում է պատմիչը:

       Խորենացին ուրախությամբ խոսելով Հայկի տոհմի անդամների հաջողությունների մասին և անվանելով նրանց Հայկազուններ,  այնուամենայնիվ դարձյալ ուրախությամբ գրում է. <Բայց սքանչելի մի բան է ասում պատմագիրը  (Մար Աբաս Կատինան), թե  շատ տեղերում բնակվում էին սակավաթիվ մարդիկնախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը>:

         Հայտնի է, որ Խորենացու ժամանակ Հայքում քրիստոնեությունն արդեն պետական կրոն էր հռչակվել: Քրիստոնյաների սուրբ գիրքը՝ Բիբլիան թարգմանվել էր հայերեն, ըստ որի բոլոր մարդիկ ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգներն էին:  Հետևաբար Խորենացին ըստ ժամանակաշրջանի պահանջի հայերի նախնի պետք է հռչակեր Նոյից սերված Թորգոմի (Հաբեթի սերնդից) որդի Հայկին: Հիշենք նաև, որ քրիստոնեության ընդունման ժամանակ ոչնչացվել էին շատ գրավոր աղբյուրներ: Եվ հայոց պատմության վաղ շրջանի հիմնական աղբյուրը Խորենացու համար ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի  մատյանն էր ու ժողովրդի մեջ պահպանված հիշողությունները  հնագույն անցքերի մասին[3]:

   19- 20-րդ դարերում հայտնաբերված և ուսումնասիրված միջագետքյան, հատկապես շումերական գրավոր աղբյուրները նոր տեսակետներ առաջ քաշելու հնարավորություն են տալիս:  Ըստ նոր ուսումնասիրությունների Հայկը Երկրի տիրակալ (Էն-կի), մարդու արարման մասնակից և հովանավոր  Հայա աստծո որդին էր, որի մասին Խորենացին չէր կարող իմանալ, քանի որ սեպագիր արձանագրությունները հայտնաբերված չէին, իսկ գրավոր աղբյուրները ոչնչացված կամ թաքցված էին:

    Մեր ժամանակներում Հայկի տոհմի անդանմերին Հայկազուններ կոչելով և առանձնացնելով Արարատ-Հայքի մյուս տոհմերից, ոչ իրական  պատկեր ենք ունենում մեր պատմության մեջ:  Մեզնից օտարվում, մի կողմ են մնում  հայոց պատմության հնագույն շրջանի շատ կերպարներ և իրադարձություններ  այդ թվում  Արատտա, Հայասա, Միտանի, Նաիրի, Արարատ-Ուրարտու և այլ պետական կազմավորումների և պետությունների պատմությունները:

    Այսպիսով ընդհանրացնելով կարելի է ասել, որ Արարատ երկրում Հայկի Բաբելոն գնալուց առաջ և Բաբելոնից վերադառնալուց  հետո  ապրում էին և՜ Հայկի տոհմի անդամներ, և՜ այլ՝ Սլկունիների Կորդվացիների, Անձևացիների և այլ տոհմերի անդամներ, որոնք իրենց համարում էին երկրի բնակիչներ՝  ՀԱՅԵՐ,   ՀԱՅԱ  ԱՍՏԾՈ  ԶԱՎԱԿՆԵՐ՝   ՀԱՅԱԶՈՒՆՆԵՐ:  

                                                                         Անժելա Տերյան, Երևանի պատմության թանգարանի

Հնագույն և միջնադարյան պատմության բաժնի ղեկավար

                                                          

                                                             

                                                                                   

                                                                                     


[1] Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1981, Ժ,  էջ 41

[2]   Մովսես Խորենացի,  Ը,  1981. էջ 133:    

[3]   Մովսես Խորենացին գրում է, որ Մար Աբասի մատյանից հետո օգտվել է Ափրիկանոս   

    ժամանակագրի և  Եվսեբիոս  Կեսարացու մատյաններից: Ենթադրվում է, որ  Մար   

    Աբաս Կատինան հայոց պատմության մասին նյութերը հանել է  Եդեսիայի (Ուռհա)      

     դիվանատան մատյանից ու բերել Վաղարշակ I թագավորին:

Մեկնաբանությունները փակված են։